Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է հրաժարական տալ և «Ազատության ժողովուրդ» կուսակցության վերահսկողությունը փոխանցել Անջելինո Ալֆանոյին: Ինչպես գրում է Corriere della Sera թերթը, երկուշաբթի տեղի ունեցած նիստին այս մասին Բեռլուսկոնին հայտնել է իր քաղաքական համախոհներին:
«Նրա անունն արդեն խնդիր է դարձել: Նախկինում այն հաջողության խորհրդանիշ էր… այսօր` ավելի շուտ հակառակը»,- գրում է թերթը:
Կառավարության ղեկավարն արդեն որոշել է, որ կլքի վարչապետի պաշտոնը 2013 թ. նախատեսված խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, և շուտով այդ մասին կհայտարարի իտալական հեռուստալիքների եթերում:
«Ես սպասում եմ առավել հարմար պահի»,- ասել է Բեռլուսկոնին իր կուսակիցներին:
Բեռլուսկոնիի` որպես քաղաքական գործչի հեղինակությունը արագորեն անկում է ապրում: Իտալացիները բազմիցս անվստահություն են հայտնել միակենտրոն կառավարությանը, նրա կուսակցությունը բազմիցս պարտություն է կրել տեղական ընտրություններում: Ընդ որում, հասարակական կարծիքի վրա ազդեցություն են գործում ոչ միայն կառավարության քաղաքական որոշումները, այլև նրա անձնական կյանքը:












































