Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուն:
Դեսպանը ներկաներին շնորհավորեց Հայաստանի անկախության 20-ամյակի առթիով:
«Ռումինիան 2004 թվականից ՆԱՏՕ-ին է անդամակցում, և անդամակցության ճանապարհին կարևորը հասարակության կամքն է»,- ասաց դեսպանը, օրինակ բերելով այն փաստը, որ Ռումինիայի հասարակության 90 տոկոսն այդպիսի ցանկություն ուներ: Դեսպանը նշեց, որ ՆԱՏՕ-ն որևէ երկրի չի ստիպում անդամակցել կառույցին, և դա յուրաքանչյուր պետության ներքին գործն է:
Իհարկե, դեսպանը հիշեցնում է, որ ՆԱՏՕ-ին անդամակցող պետությունները պետք է որոշակի արժեքների կրող լինեն:
ՆԱՏՕ-ում առկա գործընթացների մասին խոսելով՝ Կրինա Պրունարիուն նշեց, որ Ռումինիան հետևողական է իր դիրքորոշման մեջ՝ յուրաքանչյուր գործընկեր պետության հավասար ազդեցության հարցում:
ՆԱՏՕ-ի շահերից է բխում էներգետիկ անվտանգության հարցը, և այստեղ Ռումինիան կարևորում է տարածաշրջանի կայունությունը: Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Ռումինիան համագործակցության խորացման կողմնակից է:
Ըստ դեսպանի՝ ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ներսում Ռումինիայի գործունեությանը, ապա վերջինս օգնել է Հայաստանին՝ IPAP-ի ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ժողովրդավարության հարցում, օրինակ` Ընտրական օրենսգրքի բարեփոխման, ռազմական դոկտրինի մշակման, ինչու չէ՝ նաև իշխող կոալիցիայի և ընդդիմության միջև երկխոսության հարցերում:
Հայաստանի հետ Ռումինիայի հարաբերություններում առաջնահերթությունների առումով՝ դեսպանը կարևորեց ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մակարդակը, իսկ երկկողմ հարաբերությունների առումով՝ նա կարևորեց նաև հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունները:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ նա նշեց, որ ՆԱՏՕ-ն, այնուամենայնիվ, բազմիցս հայտարարել է, որ հակամարտությունը չի գտնվում իր կոմպետետնտության շրջանակներում:
Այն դիտարկումը, որ Ռումինիան ավելի խոր հարաբերություններ ունի այժմ Ադրբեջանի հետ, քան Հայաստանի, դեսպանը չհերքեց` վկայակոչելով Ադրբեջանի հետ էներգետիկ-տնտեսական շահերը, իսկ քաղաքական տեսակետից՝ Հայաստանի հետ հարաբերություններում, նա վստահեցրեց, որ փորձում են հավասարակշռություն պահել:









































