Փոլ Շենկի ղեկավարությամբ աշխատող Հյունսթոնի Լուսնի և մոլորակների ինստիտուտի հետազոտողների խումբը Սատուռնի արբանյակներից մեկի` Էնցելադի վրա դահուկային սպորտով զբաղվելու համար իդեալական վայր է գտել: Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել Cassini միջմոլորակային զոնդից ստացված տեղեկությունների հիման վրա:
2005թ. Cassini-ն Էնցելադի վրա հայտնաբերել էր ջրային սառույցի և գոլորշու հետքեր, որոնք տիեզերական տարածություն են մղվում հարավային բևեռին զուգահեռ ճեղքերից: Պարզվել է, որ գոլորշու և սառույցի արտանետումները Էնցելադի վրա շարունակվում են հազարավոր և հնարավոր է՝ նույնիսկ միլիոնավոր տարիներ, ինչը միանգամայն բավարար է, որպեսզի նրա մակերևույթը պատվի սառույցի հաստ շերտով:
Շենկի կարծիքով` Էնցելադի վրա հայտնաբերված ձյունը այնուամենայնիվ,տարբերվում է «երկրային» ձյունից. այն բաղկացած է ավելի մանր սառցե հատիկներից:
«Դա կարող է լինել ամենալավ ձյունը, որի մասին երազել է ցանկացած դահուկորդ»,- ասել է նա:









































