Հաագայի միջազգային քրեական դատարանը թույլատրել է հետաքննություն սկսել Կոտ դ՛Իվուարում հեղաշրջման ժամանակ կատարված սպանությունների փաստերով:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն պնդում է, որ ռազմական հանցագործություններ իրականացրել են ինչպես նախկին առաջնորդ Լորան Գբագբոյի կողմնակիցները, այնպես էլ ապստամբները:
Դատախազության տվյալներով` երկրում տիրող հուզումների ժամանակ առանց բավարար հիմնավորման ձերբակալվել է 520, սպանվել առնվազն 3000 մարդ:
Օգոստոսին Գբագբոյին և նրա կնոջը պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել տնտեսական հանցագործությունների, թալանի և կողոպուտի համար:
Ավելի վաղ Կոտ դ՛Իվուարի նախագահը հայտարարում էր, որ տեղյակ չէ իր երդման արարողության հետ կապված դաժան սպանություններից:










































