Հունիսի 27-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգ քաղաքում իրականացրել են Սաֆարովների ընտանիքի բնակության վայրերի ստուգման հատուկ գործողություն: Ըստ տեղեկությունների, Սաֆարովները ծագումով Ադրբեջանի Աղդամի շրջանից են, Եկատերինբուրգում զբաղվում էին ձեռնարկատիրությամբ, նրանց է պատկանում «Կասպի» ռեստորանային համալիրը:
Բաքվի մամուլի տեղեկացվածությամբ՝ ԱԴԾ հատուկ նշանակության ջոկատը Սաֆարովների տուն է «ներխուժել առանց որևէ զգուշացման՝ առավոտյան ժամը 5-ին և միանգամից անցել բռնի գործողությունների», ինչի հետևանքով եղբայրներ Զիհադին և Հուսեյն Սաֆարովը «ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ Ակիֆ, Այզա և Մազահիր Սաֆարովները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց»: Սաֆարովների ընտանիքի բերման է ենթարկվել ինը անձ, իսկ առհասարակ իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցիների թիվն անցնում է հիսունից:
Այլ աղբյուրներ հայտնում են, որ ՌԴ ԱԴԾ հատուկ ջոկոտայինների «կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած Հուսեյն Սաֆարովը հանդիսանում է Ադրբեջանի քաղաքացի, Եկատերինբուրգ է մեկնել երկու տարի առաջ, որպեսզի ձեռնարկատիրական գործերում օգնի եղբորը»: Վերջինս Եկատերինբուրգում հաստատվել է ղարաբաղյան առաջին պատերազմից հետո:
Ռուսաստանյան թելեգրամ-ալիքները հաղորդում են, որ ԱԴԾ-ն Սաֆարովների ընտանիքի բնակության վայրերում «հատուկ գործողություն է իրականացրել ՌԴ Քննչական կոմիտեի տեղական բաժանմունքի պահանջով»: Ըստ այդմ, ՌԴ ՔԿ-ն վերաբացել է 2001 թվականին Եկատերինբուրգում կատարված սպանության գործի քննությունը: Սպանվածն, ըստ տեղեկությունների, ծնունդով Աղդամի շրջանից էր՝ Յունիս անունով:
Ամենայն հավանականությամբ, սպանությունը կատարվել է վրիժառության կամ սեփականության իրավունքի շուրջ վեճի հողի վրա: Եվ գրեթե քառորդ դար անց այդ գործով քննության վերաբացումը թույլ է տալիս ենթադրել, որ այն հեռու գնացող հետք ունի: Ճի՞շտ է, արդյոք, ադրբեջանական կողմի տարածած վարկածը, որ Սաֆարով եղբայրներն «սպանվել են դաժան ծեծի հետևանքով», թե՞ նրանց ԱԴԾ հատուկ ջոկատայիններին զինված դիմադրություն են ցույց տվել՝ ռուսաստանյան աղբյուրներն առայժմ տեղեկություն չեն տարածել:
Հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, որով «կատարվածի առթիվ խոր մտահոգություն» է հայտնվում: Ադրբեջանի ԱԳՆ-ն «սպասում է, որ ռուսաստանյան կողմն անհետաձգելիորեն կանցկացնի համակողմանի հետաքննություն և այդ անընդունելի բռնության բոլոր մեղավորներին պատասխանատվության կենթարկի»:
Խիստ ուշագրավ է, որ այս տարվա մարտի 26-ին Ադրբեջանի հատուկ ծառայությունները Եկատերինբուրգում առևանգել և Բաքու են տեղափոխել էթնիկ թալիշ Զիրադին Իբրահիմովին, որին ներկայացվել է պետական դավաճանության մեղադրանք՝ սոցիալական մեդիայում թալիշների պատմության, լեզվի, մշակույթի և ազգային սովորույթների մասին տարածած տեղեկությունների համար: Նման գործողություն, բնականաբար, առանց ռուսական կողմի ներգրավվածության և աջակցության հնարավոր չէր լինի իրականացնել:
Ամիսներ անց ի՞նչ է փոխվել ՌԴ և Ադրբեջանի հատուկ ծառայությունների հարաբերություններում, որ ԱԴԾ-ն նույն Եկատերինբուրգում «ադրբեջանցիների սպանդ է իրականացրել»: Ընդ որում, Բաքվի մամուլն իրավիճակը ներկայացնում է այնպես, որ այդ քաղաքում բնակվող ցանկացած ադրբեջանցի, անկախ քաղաքացիությունից, «գտնվում է խիստ վերահսկողության տակ, մարդիկ տագնապած են»:












































