Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա հանրահավաքները ներկայումս բավական շահեկան են Հայաստանի իշխանության համար: Թող տարօրինակ չհնչի, սակայն դա այդպես է, և ահա թե ինչու: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը նոր է վերադարձել արևմտյան շրջագայությունից, որի ընթացքում եղել է Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում և մասնակցել Լեհաստանում տեղի ունեցած Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:
Այդ շրջագայության ընթացքում, անկասկած, զգալի տեղ է զբաղեցրել Հայաստանի ներքին բարեփոխումների հարցը: Առաջիկայում էլ Հայաստան է գալու Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, իսկ ԵԽԽՎ-ում էլ լինելու է Հայաստանի հարցի քննարկումը: Այսինքն՝ Հայաստանի իշխանությունը գտնվում է, այսպես ասած, քննական մի ժամանակաշրջանում, որտեղ պետք է ցույց տա, որ իսկապես հավատարիմ է ժողովրդավարացման ուղուն և բարեփոխումների կուրսին:
Ահա այս տեսանկյունից Հայ ազգային կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների անցկացումը իշխանության համար բավական հարմար ապացույց է, որ ինքը հավատարիմ է ժողովրդավարացմանը: Հետևաբար, իշխանության համար ծայրաստիճան մեծ սխալ կլինի այդ ընթացքում որևէ սադրանքի կամ լարվածության գնալը:
Ընդհակառակը, որքան հանդուրժողություն ցուցաբերվի հանրահավաքի հանդեպ, այդքան ավելի դրական գնահատական կստացվի «քննության» ընթացքում: Գրեթե կասկած չկա, որ Հայ ազգային կոնգրեսը նաև հենց այդ հանգամանքներն է հաշվի առել՝ ընտրելով շուրջօրյա հանրահավաքների վերսկսման ժամանակը: Ներկայումս պարզապես խնդիրն այն է, թե այդ ժամանակահատվածը որքան արդյունավետ կօգտագործեն Կոնգրեսն ու հասարակությունը իսկապես լուրջ քաղաքացիական մոբիլիզացիա ապահովելու համար, ինչը Հայաստանի ներքաղաքական կյանքում զգալիորեն բարձրացնելով քաղաքացիական գործոնի դերը՝ կարող է արդեն բավական լուրջ ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների ուղղորդման առումով:
Խնդիրն այստեղ, անշուշտ, միարժեք իշխանափոխությունն էլ չէ, այլ Հայաստանում քաղաքական պրոցեսները կարծրացած, ճահճացած հունից հանելն ու արդեն առարկայական ճանապարհի վրա դնելն է, երբ վերականգնված քաղաքացիական գործոնը թե՛ հայաստանյան նոր իրավիճակում, թե՛ համաշխարհային նոր գործընթացների համատեքստում կարող է իշխանությանը պարտադրել համակարգային էական քայերի՝ շեշտադրում անելով ոչ միայն ձևի վրա, ինչպես ավանդաբար, այլ նաև՝ բովանդակության:








































