12 տարածաշրջանային քոլեջներ կբացվեն Հայաստանի մի քանի մարզերում: Եվրոպական միության պատվիրակությունը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2011 թ․ հոկտեմբերի սկզբին համատեղ կբացեն մի քանի բարեկարգված և վերազինված քոլեջներ՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխման շարունակության և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագրի շրջանակում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ով նշեց, որ Եվրոպական միության նպատակն է բարելավել մասնագիտական կրթության որակը, որը կարևոր գործոն է համարվում:
«Մասնագիտական կրթության որակները պետք է բավարարեն տեղական պահանջները, պետք է շարունակել այս ոլորտի բարեփոխումները»,- տեսակետ հայտնեց պատվիրակության ղեկավարը` ընդգծելով, որ ակնկալում են դրական ազդեցություն Հայաստանի աշխատաշուկայի և զբաղվածության զարգացման ոլորտում:
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Աշոտյանը, ծրագրի համընդհանուր արժեքն է 13 մլն եվրո, որից 1 մլն-ը տրամադրվել է տեխնիկական աջակցությանը: Նա նաև ասաց, որ ծրագիրն իրականացվում է 2009 թվականից, և դրա կարևոր բաղադրիչներն են վերանորոգումը և սարքավորումների մատակարարումը 12 տարածաշրջանային քոլեջներին: «Ծրագրի շրջանակում դասասենյակները և արհեստանոցները վերազինվել են նոր լաբորատորիաներով, ուսումնական գույքով, համակարգիչներով, տեսաձայնային սարքավորումներով, ինչպես նաև՝ մարզական գույքով»,- նշեց Ա. Աշոտյանը: Խոսելով պետպատվերով կրթության մասին` նա ասաց, որ 2012 թվականից 50%-ով ավելանալու են այդ տեղերը: Այսինքն` եթե այժմ գոյություն ունի անվճար ուսուցման 4000 տեղ, ապա հաջորդ տարի լինելու է 7300 տեղ:










































