Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 21-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 38 պաղեստինցի, որոնցից 24-ը՝ Խան Յունիսում։ Այսպիսով, մեկ օրում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 98-ի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավելի քան 20 հարված են հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի տներին։
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը դատապարտել է Իսրայելի կառավարության անդամների կողմից աղետալի վիճակում գտնվող Գազայի ժողովրդի վերաբերյալ արված ատելությամբ լի հայտարարությունները, նաև կոչ արել թույլ տալ հումանիտար օգնության առաքումն անկլավ։
«Իսրայելը արգելափակել է մեր օգնության մեծ մասը, որը նախատեսված էր Գազայի խաղաղ բնակիչներին աջակցելու համար։ Մենք միանում ենք մեր միջազգային գործընկերներին՝ կոչ անելով Իսրայելին անհապաղ թույլատրել օգնություն հասցնել Գազա…. Մենք հաստատում ենք, որ դեմ ենք Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը», – նշված է նախարարի հայտարարության մեջ։











































