Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը բացելով ՀԱԿ այսօրվա հանրահավաքը` ասաց.
«Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենում: Մենք արդեն ջուրը մտել ենք ու չոր ենք դուրս գալու: Իշխանությունները ներարկիչներ չեն տեղադրում վրանների տակ, այս անգամ փակել են բոլոր մոտակա վճարովի և անվճար զուգարանները:
Ճանապարհները փակում են, որպեսզի մարդիկ չգան-չհասնեն Ազատության հրապարակ: Բայց հույս ունեմ, որ մարդիկ գիտեն` Սերժ Սարգսյանը տաքսիներով չի հասցնելու այստեղ: Տաքսին հանել են, երթուղայինները հանել են, բա ինչ պիտի անեն: Իրենք խոչընդոտում են և գիտեն` ինչու են խոչընդոտում:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իսկ սկսվել են: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրություն կատարի իր բազմոցի և Ազատության հրապարակի միջև: Կոչ եմ անում՝ ընտրել Ազատության հրապարակը, որովհետև բազմոց ընտրելով՝ հասել են ավազակապետության:
Արտահերթ ընտրությունները սկսվել են երեկ երեկոյից: Մեր խնդիրը ոչ այնքան և անձի հաղթանակն է, որքան Սահմանադրության և ժողովրդի հաղթանակը: Մենք պայքարում ենք, որ Սահմանադրության մեջ եղած կետերը իրականություն դառնան: Մենք հաղթելու ենք որպես քաղաքացի, մեզ ոչ ոք չի կարող կանգնեցնել, մենք պայքարելու ենք մինչև վերջ, հասնելու ենք ազատ և երջանիկ հաղթանակին: Պայքարում ենք, որ նախագահ դառնա նա, ով իրականում ժողովրդի ձայնն է ստացել, այլ ոչ մաֆիային, օլիգարխներին:
Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շուրջօրյա հանրահավաքներում այսօր տեղի է ունենալու 18:30-ին»:







































