Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրում գործող չեմպիոն «Բարսելոնա»-ն 5։0 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց բելառուսական «ԲԱՏԵ»-ի նկատմամբ, որոնցից 2 գոլը գրանցվեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հաշվին։
Դրանով Մեսսին սահմանեց եվրոպական ռեկորդ. խոսքը արգենտինացի ֆուտբոլիստների շրջանում եվրագավաթային հանդիպումներում ամենաշատ գոլեր խփելու մասին է։ Այժմ եվրագավաթային հանդիպումներում Մեսսիի հաշվին գրանցված է 40 գնդակ, որոնցից 39-ը բաժին է ընկնում Չեմպիոնների լիգային, իսկ 1-ը՝ Եվրոպայի սուպերգավաթին։
Այդ ցուցանիշով Մեսսին գերազանցեց արգենտինացի մեկ այլ հանրահայտ հարձակվող Հեռնան Կրեսպոյի ռեկորդը, ով եվրագավաթներում դարձել է 39 գոլի հեղինակ։ Մեսսին նաև Չեմպիոնների լիգայի վերջին երեք խաղարկությունների գլխավոր ռմբարկուն է։
Բացի այդ, «ԲԱՏԵ»-ի հետ խաղում արած դուբլի շնորհիվ՝ Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում իր խփած գնդակների քանակը հասցրեց 194-ի, որով և հավասարվեց մինչ այս ակումբի պատմության մեջ երկրորդ լավագույն ռմբարկու հանդիսացող Լադիսլաո Կուբալային, ով նույնպես պաշտոնական հանդիպումներում (11 մրցաշրջան) «Բարսելոնա»-ի կազմում հեղինակել է 194 գոլ, որից 131-ը՝ Իսպանիայի առաջնությունում (Լա Լիգա), իսկ 49-ը՝ Իսպանիայի գավաթում։
Այժմ Մեսսին պետք է գերազանցի ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկու հանդիսացող Սեզար Ռոդրիգեսի ռեկորդը, ով 1939-1955 թվականներին հանդես է եկել «Բարսելոնա»ի կազմում և խփել 235 գնդակ։ Մեսսին «Բարսելոնա»-ի կազմում անցկացրած 7 մրցաշրջանում մասնակցել է 280 հանդիպման և դարձել 194 գոլի հեղինակ (միջինը՝ 1 խաղում 0.69 գոլ), որոնցից 127-ը՝ Իսպանիայի առաջնությունում, 17-ը՝ Իսպանիայի գավաթում, 8-ը՝ Իսպանիայի սուպերգավաթում (մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է), 39-ը՝ Չեմպիոնների լիգայում, 2-ը՝ Աշխարհի ակումբային առաջնությունում և 1-ը՝ Եվրոպայի սուպերգավաթում։
Մեսսիի վերջին անձնական ու ակումբային ռեկորդները «Բարսելոնա»-ի կազմում.
16.01.2010 – 100-րդ գոլը պաշտոնական հանդիպումներում
27.02.2010 – թարմացնում է Լա Լիգայում Ռոնալդինիոյի խփած գոլերի ռեկորդը՝ 71 գոլ
01.05.2010 – թարմացնում է Պատրիկ Կլյուվերտի ռեկորդը և 122 գոլով դառնում ակումբի պատմության մեջ 10-րդ լավագույն ռմբարկուն
21.08.2010 – ռմբարկուների թվում հավասարվում է Էտո’ոին ու Ռիվալդոյին (130 գոլ)
19.09.2010 – Դառնում է Լա Լիգայում ակումբի պատմության մեջ 5-րդ լավագույն ռմբարկուն՝ հավասարվելով Կլյուվերտին (90 գոլ)
03.11.2010 – Գվարդիոլայի գլխավորությամբ անցկացրած հանդիպումներում խփում է իր 100-րդ գոլը (100 գոլ 117 խաղում)
13.11.2010 – Խփում է իր 30-րդ դուբլը և 98 գնդակով Լա Լիգայում ակումբի պատմության ընթացքում լավագույն ռմբարկուների թվում տեղափոխվում 4-րդ հորիզոնական
20.11.2010 – Լա Լիգայում խփում է իր 100-րդ գոլը
24.11.2010 – թիմի պաշտոնական հանդիպումներում խփում է իր 150-րդ գոլը
29.01.2011 – 109 գոլով դառնում է Լա Լիգայում ակումբի պատմության ընթացքում 3-րդ լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Էտո’ոին
28.05.2011 – մրցաշրջանում խփում է իր 53-րդ գոլը՝ թարմացնելով իսպանական առաջնության ռեկորդը
24.09.2011 – Գվարդիոլայի գլխավորությամբ անցկացրած հանդիպումներում խփում է իր 150-րդ գոլը (150 գոլ 192 խաղում)
28.09.2011 – Խփած գոլերով հավասարվում է Կուբալային և դառնում ակումբի պատմության ընթացքում երկրորդ լավագույն ռմբարկուն:








































