Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսությունն, ամենայն հավանականությամբ, կվերսկսվի, մանավանդ որ՝ իրենք իշխանություններն անընդհատ հայտարարում են, որ դեմ չեն գործընթացի վերսկսմանը: Նման տեսակետ նա հայտնեց «Առաջին լրատվականի» հետ զրույցում` անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի այն հայտարարությանը, թե երկխոսության վերսկսման հարցն իշխանությունները կքննարկեն երկուշաբթի:
Փորձագետի խոսքով՝ չկա որևէ պատճառ, որը կարող է երկխոսությունը չվերսկսելու առիթ դառնալ: «ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքում Կոնգրեսն ինքը երկխոսությունը վերսկսելու առաջարկով հանդես եկավ, և հիմնական խոչընդոտը, որ գոյություն ուներ, այն է` ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հարցը, հարմար գտավ ընդհանրապես հանել: Դրա համար էլ կարծում եմ, որ երկխոսության վերսկսման հետ կապված որևէ խնդիր չկա: Կարծես ամեն ինչ արված է»,- նկատեց Մանվել Սարգսյանը:
Ըստ Սարգսյանի՝ խնդիրն այլ բանում է: «Մասնավորապես շատ դժվար է հասկանալ իշխանության և ընդդիմության բանակցությունների իմաստը: Այս պայմաններում ի՞նչ փոխզիջումներ պետք է լինեն իշխանությունների կողմից, որոնք կհամոզեն ընդդիմությանը»,- ամփոփեց փորձագետը:
Հիշեցնենք, որ իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունն ընդհատվել էր օգոստոսին: Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել էին, որ այն պատրաստ են վերսկսել միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուց հետո (ՀԱԿ-ը նրան քաղբանտարկյալ է համարում):
Նշենք նաև, որ իշխանության կողմից երկխոսության վերսկսման հարցի քննարկումներ սկսելու մասին ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը հայտարարել էր այսօր կայացած մամուլի ասուլիսում:












































