Ամերիկացիները, որոնք հայտնի են որպես առողջ կենսակերպ վարող ժողովուրդ, սկսել են ավելի քիչ զբաղվել սպորտով: Այսպիսի եզրակացության են եկել Սպորտային ապրանքներ արտադրող ազգային ասոցիացիայի մասնագետները:
Հետազոտությանը մասնակցել է մի քանի տասնյակ հազար մարդ: Պարզվել է, որ գրեթե 11 տարվա ընթացքում սպորտով ակտիվ զբաղվողների թիվը զգալիորեն նվազել է: Ընդ որում՝ կրճատվել է անգամ բեյսբոլով զբաղվողների թիվը, որը ամերիկացիների ամենասիրելի մարզաձևն է: Իհարկե բեյսբոլը դեռ շարունակում է առաջատար դիրքեր գրավել, սակայն այս մարզաձևով զբաղվողների թիվը 2000 թ.-ից հետո 8%-ով նվազել է:
Մյուս մարզաձևերում նույնպես տեղի է ունեցել «հաստիքների կրճատում»: Ամենամեծ «վնասները» կրել է ըմբշամարտը. այս մարզաձևը նախընտրողների թիվը կրճատվել է 44%-ով:
Այնուամենայնիվ, որոշ մարզաձևեր կարողացել են պահպանել իրենց դիրքերը: Այսպես, բասկետբոլը շարունակում է մնալ ԱՄՆ-ում ամենահայտնի թիմային խաղը. այս մարզաձևով զբաղվում է շուրջ 26 մլն մարդ:





































