«Հայֆեստը» կբացվի հունգարական «Փի Ար Էվոլուշըն» թատրոնի ներկայացմամբ:
2001 թվականին հիմնադրված «Փի Ար Էվոլուշըն» պարային ընկերությունը ժամանել է Բուդապեշտից: Այն պարային տարբեր ոճերի միախառնման արդյունքում ստեղծված ժամանակակից պարային խումբ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց խմբի խորեոգրաֆ Սոֆյա Նեմեսը:
Նրա խոսքով`«Կապույտ մարդը» ներկայացումը տղամարդու ոգու մասին է: «Մեզ մոտ պատկերացում կա, որ տղամարդը ուժեղ կերպար է, պետք է լինի միշտ ուժեղ, բայց ես փորձել եմ ներկայացման մեջ վեր հանել տղամարդու թուլությունները, գեղեցկությունը»,- ասաց Ս. Նեմեսը` շեշտելով, որ հենց սա է խթանիչ դեր կատարել ներկայացումը բեմադրելիս:
Խորեոգրաֆի խոսքով` ներկայացումը բավական զգացմունքային է, պարզապես պետք է այն զգալ ներկայացման ընթացքում: Նա կոչ արեց հանդիսատեսին ներկայացումը դիտելիս լինել այնպիսին, ինչպիսին որ կա: Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն էլ հավելեց, որ ներկայացումը կարճ է` ութ րոպե, սակայն բովանդակալից:
Բրիտանական խորհրդի արվեստի բաժնի ղեկավար Գրիգորի Նեշն էլ տեղեկացրեց, որ փառատոնին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել բրիտանական երկու ներկայացում` բրիտանացի պարուսույց Բիլի Քոուի նոր, եռաչափ 10-րոպեանոց «Միայնության տանգոն» և Proto-type թատրոնի «Երրորդ անձ` Բոնի և Քյալդ» մուլտիմեդիա բեմադրությունը:











































