Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ADAM սոցիոլոգիական ծառայությունն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մի շարք խնդիրների շուրջ հարցախույզ է անցկացրել Ադրբեջանում։ Հարցախույզն անցկացվել է երկրի տարբեր հատվածներում բնակվող 18-30 տարեկան մոտ հազար մարդկանց շրջանում։
Հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ մասնակիցների միայն 17.5 տոկոսն է կարծում, որ Ադրբեջանի զարգացումն առավելապես կապված է Ռուսաստանի ու ԱՊՀ հետ։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի հեղինակությունը մեծ անկում է ապրել Ադրբեջանում, քանի որ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 41 տոկոս, իսկ 2009 թվականին՝ 44 տոկոս։
Եվրոպայի ու ԱՄՆ օգտին է արտահայտվել հարցախույզի մասնակիցների 42 տոկոսը (2010 թվականին՝ 40 տոկոսը, իսկ 2009 թվականին՝ 42 տոկոսը), իսկ իսլամական աշխարհի օգտին՝ 12 տոկոսը (2010 թվականին՝ 8 տոկոսը, 2009 թվականին՝ դարձյալ 8 տոկոսը)։
Ամենաբարեկամական երկիր է ճանաչվել Թուրքիան։ Ի պատասխան՝ «Անվանեք Ադրբեջանի հանդեպ ամենաբարյացակամ տրամադրված 3 երկրներին» հարցին, մասնակիցների 58.6 տոկոսը նշել է Թուրքիան, 23 տոկոսը՝ Ռուսաստանը, 10.7 տոկոսը՝ իսլամական երկրները, 9.9 տոկոսը՝ Վրաստանը, 7.4 տոկոսը՝ ԵՄ-ը, 5.4 տոկոսը՝ ԱՄՆ-ը, 5 տոկոսը՝ Ուկրաինան, 4.2 տոկոսը՝ Իրանը։
Իսկ ի պատասխան՝ «Որո՞նք են Ադրբեջանի հանդեպ ամենաանբարյացակամ տրամադրված 3 երկրները» հարցին, մասնակիցների 91.8 տոկոսը նշել է Հայաստանը, ապա գալիս են Իրանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրները.- 1in.am), Իսրայելը և Թուրքիան։
«Արաբական գարունը» ողջունել է մասնակիցների միայն 28.2 տոկոսը, իսկ մոտ 40 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։ Հաջորդ տարի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի հանդեպ դրական է տրամադրված 61.1 տոկոսը, իսկ 9 տոկոսը դեմ է դրան։
Հարցախույզի մասնակիցների 38.9 տոկոսը հետաքրքրված չէ քաղաքականությամբ (2010 թվականին՝ 37 տոկոսը, 2009 թվականին՝ 35 տոկոսը, իսկ 2008 թվականին՝ 33 տոկոսը)։ Մասնակիցների 1/3-ը ներառված է սոցցանցերում, ինտերնետից օգտվելու հնարավորություն չունի 37.4 տոկոսը, 47.2 տոկոսը հիմնական տեղեկատվությունը ստանում է ադրբեջանական հեռուստաալիքներից ու ռադիոկայաններից։











































