Սովորական ցավազրկող դեղերն ու հակավիրուսային դեղամիջոցները կարող են դառնալ օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարի լավագույն միջոցները: Պարզվում է, որ այդ դեղամիջոցները կարող են «անջատել» մարմնում գոյություն ունեցող այն վիրուսները, որոնք քաղցկեղածին բջիջների ակտիվանալու դեպքում նպաստում են դրանց աճին: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Հետազոտությունն իրականացրել են Կարոլինայի ինստիտուտի մասնագետները:
Ցիտոմեգալովիրուսը, որով վարակվում է երկրի բնակչության մոտ 75%-ը, ակտիվանում է այն պահին, երբ այն բացահայտում է քաղցկեղային բջիջները: Համարվում է, որ այս վիրուսը «պատասխանատու» է ուղեղի, կրծքի և շագանակագեղձի քաղցկեղի համար: Բուժելով այդ վիրուսը հակաբորբոքային և հակավիրուսային դեղամիջոցներով՝ հնարավոր է դանդաղեցնել ուռուցքի աճը 72%-ով:
Մասնագետների խոսքերով` այս մոտեցմամբ հնարավոր կլինի կտրուկ դանդաղեցնել ուռուցքի աճը, ինչից հետո քիմիաթերապիայի միջոցով վերջնական բուժել հիվանդին: Պրոֆեսոր Սեսիլիա Սոդերբերգ Նաուկլերն ասել է, որ փորձի ժամանակ պարզվել է, որ քաղցկեղային ուռուցքի աճը հնարավոր է եղել կանխել սովորական դեղամիջոցներով: Թե ինչ կլինի իրական պայմաններում՝ ցույց կտա ժամանակը:








































