«Քանի դեռ Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունն են ղեկավարում Հայաստանը, ես որևէ դրական արդյունքի չեմ սպասում, չեմ հավատում, որ բանակում կատարված որևէ սպանություն կբացահայտվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բանակում սպանված Տիգրան Օհանջանյանի հայրը` Սուրեն Օհանջանյանը, որը մասնակցում էր այսօր ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը:
Նա նշեց, որ դատաբժշկական կենտրոնը, որտեղից էլ տալիս են զինվորների մահացության եզրակացությունները, մի հանցավոր խումբ է, քննիչները, դատախազներն ու դատավորները համախմբվել են ու զինված ուժերը իրենց համար կերակրատաշտ են սարքել. «Բոլորը, ձեռքերը երկարած ու համախմբված, լափում են սպանված զինվորների արյունը, իսկ դրանց բոլորին հովանավորում է նախագահականը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:
Օհանջանյանը նշեց, որ քանի դեռ այս իշխանություններն են կառավարում երկիրը, բանակում սպանությունները շարունակվելու են:
Նա ասաց, որ նման քննարկումներին չի հավատում, պարզապես իր հոգու հանգստության համար է գալիս ու մասնակցում քննարկումներին:











































