Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ձեռառնոցի» է համարում Ադրբեջանի հետ բանակցություններում Լեռնային Ղարաբաղի խնդրի ներառման «պահանջը» և հիշեցնում, որ Ստեփանակերտը մերժել է կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու, դրա հիման վրա միջազգային մեխանիզմ ձևավորելու և Ադրբեջանի հետ ԼՂ հայ բնակչության անվտանգության և իրավունքների հարցով քննարկումների առաջարկությունը, հրաժարվել է Սոֆիայում նախատեսված հանդիպումից:
Նա, ինչ խոսք, արձանագրում է իրականությունը: Բայց, ինչպես տողերիս հեղինակը ֆեյսբուքյան գրառմամբ է հարցադրում արել, պաշտոնական Երևանը բոլոր հնարավորություննե՞րն է ներդրել, որպեսզի Ստեփանակերտը «երկու ոտքը մի կոշիկի մեջ չդնի»: Սա շատ սկզբունքային է: Եվ խոսքն ամենևին էլ Արցախի ֆինանսավորումը դադարեցնելու սպառնալիքի կամ «ուժային միջամտության» մասին չէ, այլ քաղաքական երկխոսության: Ոչ ոք չգիտի, թե Երևան-Ստեփանակերտ գործնական կոմունիկացիան երբ, ինչպես և ինչու է «խզվել» կամ մինչև որ պահն է շարունակվել:
Փաստ է, որ Արցախի քաղաքական վերնախավը, կոչենք մարդկանց անուն-ազգանուններով, թե պաշտոններով, նրանք մնում են ԼՂ ընտրված ներկայացուցիչներ, մեկուկես տարի է՝ Երևանում է, բայց այդ ընթացքում Հայաստանի կառավարությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը նրա հետ կոմունիկացիա չի ունեցել: Համենայն դեպս, այդ մասին հանրությունը տեղեկություն չունի:
Թվաբանական հաշվարկը, որ բռնատեղահանված հարյուր կամ հարյուր քսան հազար մարդու բնակվարձի և կոմունալ ծախսերի փոխհատուցումը Հայաստանի բյուջեից X գումար է խլում, և դա «ծանր բեռ է», ոչ մի կերպ չի ներգրվում կառավարության հաշվետվությանը, որ պետական բյուջեն 2108 թվականի համեմատ Y տոկոսով աճել է, եթե նկատի ենք ունենում, որ տասնամյակներ ի վեր միայն տարեկան անվտանգային Z ծախսերը մի քանի անգամ գերազնացել են այն գումարը, որ այսօր «անհաղթահարելի ծանրություն է»:
Այս համատեքստում ո՞րն է կառավարության բացահայտ «գոբսեկության» մոտիվացիան, որի «հայելային պատասխանը» բռնատեղահանվածների քաղաքական «պահանջագիրն» է: Քաղաքականության մեջ պատահական ոչինչ չի լինում: Ունենք իրավիճակ, որ առերևույթ տրվում է այս բնութագրմանը, «Եթե Նիկոլ Փաշինյանը մեզ զրկում է «40+10 նպաստից», մենք էլ նրան անկյուն ենք քշում Լեռնային Ղարաբաղի խնդիրը բանակցությունների սեղան վերադարձնելու պահանջով»:
Ասել, թե կառավարությունը չի հաշվարկել, որ «նպաստազրկումը» սոցիալական բողոք և քաղաքական պահանջատիրություն է ծնելու, կնշանակի կասկածել նրա ադեկվատությանը: Թվում է, կառավարությունը համոզված է, որ «նպաստազուրկ» տասնյակ հազարավոր բռնատեղահանվածներ ստիպված են ըմբոստանալ, իսկ «պահանջագրի» հեղինակները քաջ գիտակցում են, որ գոնե այս փուլում ԼՂ խնդիրը հայ-ադրբեջանական ենթադրյալ պայմանագրում ներառնելն անհնար է:
Ստացվում է ներհայաստանյան «փակուղի»: Եվ, որքան էլ արտառոց չհնչի, կողմերից ոչ մեկը «հետքայլի» գոնե առերևույթ մտադրություն չի դրսևորում: Ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հնչել է պահանջ, որպեսզի կառավարության անդամներն «իջնեն վրան»: Կարող է «հիվանդ երևակայություն» թվալ, բայց դառը նախադեպն ունենք, այդպես Ստեփանակերտում գրեթե նույն մարդիկ նախագահական նստավայրից «վրան են իջեցրել» Արայիկ Հարությունյանին: Դա նրա և առհասարակ Արցախի իշխանության վերջն էր:
Խորքային ի՞նչ գործընթաց է խմորվում: Արցախի քաղաքական անկումն սկսվել է 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Մնացածը «տեխնիկայի և ժամանակի հարց էր», բռնատեղահանություն կարող էր կազմակերպվել Փառուխ-Քարագլուխ «օպերացիային» կամ նույն տարվա օգոստոսի առաջին օրերի սրացման «փաթեթավորմամբ»:
Հայ-ադրբեջանական պայմանագիր ստորագրվելո՞ւ է: Եթե «խաղաղության օրակարգը» տապալվի, ապա արտաքին շահառուներից զատ ներքին պատասխանատվություն ո՞վ է լինելու: Հայաստանի «վրանապետությո՞ւնը» կամ՝ նաև նա՞: Սա է սպառնալիքը, «հայաստանցի-ղարաբաղցի» լեզվակռիվը, որ երկու կողմից անընդմեջ բորբոքվում է: Բայյց մեզանում տիեզերակաան մասշտաբի վերլուծությունների շքահանդես է, մանրուքների վրա ծանրանալու ո՞վ ժամանակ ունի:
Լուսանկարը՝ panorama.am-ի









































