Հնդկաստանը 2010 թ. դարձել է զենքի սովորական տեսակների ամենախոշոր գնորդը, որը ներմուծում է ընդհանուր առմամբ 5.8 մլրդ դոլարի ռազմական արտադրանք: Այս մասին հաղորդում է FirstPost-ը վկայակոչելով ԱՄՆ Կոնգրեսի զեկույցը: Ներմուծման ծավալներով երկրորդ տեղը զբաղեցնում է Թայվանը, որը գնում է 2.7 մլրդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա: Երրորդ տեղում Սաուդյան Արաբիան է, որը զենքի ներմուծման համար ծախսում է 2,2 մլրդ դոլար: Նույնքան գումար է ծախսում Պակիստանը:
2010 թ. զենքի շուկայի ընդհանուր ծավալը կազմել է 40.4 մլրդ դոլար, որը, 2009 թ. նույն ցուցանիշի համեմատ, իջել է 38%-ով:
ԱՄՆ Կոնգրեսի տվյալներով` 2010 թ. համաշխարհային ռազմական արտահանման մեծ մասը բաժին է ընկնում զարգացող երկրներին, որոնց արտահանման բաժինը կազմում է 76.2% կամ 30.7 մլրդ դոլար: Զարգացած երկրները իջեցրել են զենքի արտահանման ծավալները, որի հիմնական պատճառը ռազմական բյուջեի կրճատմանն ուղղված ծրագրերն են:
2003-2010 թթ. ընթացքում զենքի և ռազմական տեխնիկայի խոշորագույն ներմուծողները եղել են Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը և Չինաստանը: Ռազմական տեխնիկա ներմուծողների առաջատար հնգյակում են հայտնվել նաև Եգիպտոսը և Իսրայելը:









































