Ուկրաինայի սահմաններից դուրս աշխատում է երկրի 6.5 մլն քաղաքացի, ինչը կազմում է Ուկրաինայի բնակչության ավելի քան 14%-ը: Ինչպես հաղորդում է УНИАН գործակալությունը, ուկրաինացիների համար աշխատանք փնտրելու առավել հարմար երկրներ են Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունգարիան և Լեհաստանը: Ընդ որում, այդ 6.5 մլն-ի 67%-ը տղամարդիկ են, 33%-ը` կանայք:
Ուկրաինացիների արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը երկրի ծանր տնտեսական վիճակն է: Ոչ պակաս դեր է խաղում նաև ԵՄ-ին մոտ գտնվելու հանգամանքը, ինչպես նաև գոյություն ունեցող միգրացիոն և մշակութային կապերը:
Արտագաղթող ուկրաինացիների 59%-ն ունի միջին մասնագիտական կրթություն, 17%-ը` բազային կամ թերի բարձրագույն, և միայն 14%-ը՝ բարձրագույն կրթություն, սակայն, անկախ կրթության աստիճանից, նրանք հիմնականում բոլորն էլ կատարում են բարձր որակավորում չպահանջող աշխատանքներ:
2011 թ. Forbes ամսագիրը Ուկրաինան դասել էր ամենավատ տնտեսություն ունեցող երկրների առաջին հնգյակում: Հետազոտությամբ ցույց էր տրվել, որ Ուկրաինայի զարգացմանը խանգարում են կոռուպցիան, վատ պետական կարգերը և դատական համակարգը:
Ուկրաինան համաշխարհային տնտեսական ճգնաժամից ավելի շատ է տուժել, քան Եվրոպայի մյուս երկրները: 2010 թ. սեպտեմբերին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարեց, որ երկրում ծանր տնտեսական իրավիճակը կշարունակվի ևս մի քանի տարի:








































