ՀԱԿ-ն ու իշխանությունը միմյանց վախեցնում են Քոչարյանի վերադարձով: Իշխանությունը ՀԱԿ-ին ասում է. «Եթե ես չլինեմ, կգա Ռոբերտ Քոչարյանը, և շատ բաներ կկրկնվեն», իսկ ընդդիմությունը իշխանությանը ասում է. «Եթե մեզ հետ չնստեք երկխոսության, ապա Քոչարյանը կդառնա ձեր ընդդիմությունը, եթե մենք չլինենք հիմնական ընդդիմություն»: Այսպիսի կարծիք է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել քաղաքական փորձագետ Կարեն Քոչարյանը:
Քոչարյանը երկրի նախագահ է եղել 10 տարի, այդ տարիներին նույն Լևոն Տեր-Պետրոսյանով էին շատերին վախեցնում, թե՝ «հեսա կգա»: Պատմությունը կրկնվում է:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին` փորձագետը նշեց.
«Կարծում եմ` բոլոր ուժերն էլ սկսել են իրենց քարոզարշավները` և՛ սպիտակ, և՛ սև: Մանր մարդ-կուսակցությունները կհայտնվեն և կսկսեն իրենց առաջարկել տարբեր ուժերի` հետո ինչ-որ բան ստանալու դիմաց: Սակայն նրանք էական ազդեցություն չեն ունենա: Դաշտում կլինեն հիմնական խաղացողներ, որոնք էլ կխաղան: Հիմնականները գործող խորհրդարանական կուսակցություններն են, ինչպես նաև ՀԱԿ-ը: Վերամիավորումներ հնարավոր են, սակայն միայն նշված ուժերի շուրջը, նոր ուժի ի հայտ գալուն ես չեմ հավատում: «Ժառանգությանը» ես խորհրդարանում չեմ տեսնում»:









































