«Անի Պլազա» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի Եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագրի մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի մասնակիցների մամուլի ասուլիսը:
Կազմակերպիչների կողմից նշվեց, որ հանդիպմանը մասնակցել են` ՀՀ ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Եվրոպայի և ԱՊՀ մոտ 12 երկրներից ժամանած տարբեր փորձագետներ:
ԵԽ Եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագիրը ստեղծվել է 1987 թվականին, Հայաստանը համաձայնագրին միացել է 1993-ին:
ՀՀ ԱԻՆ ՀՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ սեպտեմբերի 29-30-ը Երևանում տեղի ունեցավ ԵԽ Եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագրի մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստը:
Կոմիտեի գործադիր քարտուղար Էլադիո Ֆերնանդես-Գալիանոն իր խոսքում նշեց, որ ողջունում է ԱՌՆ ոլորտում Հայաստանի առաջընթացը: Նա ասաց՝ ուրախ է, որ կոմիտեի նիստը անցկացվեց Հայաստանում, և հիշեցրեց Հայաստանի 1988 թ. երկրաշարժը:
Էլադիո Ֆերնանդես-Գալիանոն շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ-ին: Հարցին, թե ինչ ուղղություններ ունի Եվրոպական և միջերկրածովյան խոշոր աղետների համաձայնագիրը, նա պատասխանեց, որ կոնտրոնն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, բայց դրանցից առանձնացրեց աղետների կանխարգելումը, համագործակցությունը այդ ուղղությամբ, ինչպես նաև՝ հասարակությունների տեղեկացվածությունը:
Նիստի օրակարգում ընդգրկված հիմնական հարցերն էին` աղետների կառավարման միասնական համակարգը Հայաստանում, կլիմայի փոփոխության մարտահրավերները, Հայաստանի ներգրավվածությունը միջազգային նախաձեռնություններում, խոշոր աղետներից սերտած դասերը, իրազեկման ու ուսուցման գործառույթները, ինչպես նաև՝ կոմիտեի 2012-2013 թթ. աշխատանքների պլանավորումը:
Համաձայնագիրն ապահովում է աղետների ռիսկերի նվազեցման հարցերի իրագործումը` արտակարգ իրավիճակների կանխարգելում, աղետներին պատրաստվածության բարձրացում և արդյունավետ արձագանքում:








































