Կառավարության երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում հետաքրքրական բանավեճ է տեղի ունեցել վարչապետի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի միջև:
Երբ ներկայացվել է 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է հարկային եկամուտների զգալի աճ` մոտ 6 տոկոս կամ 100 միլիարդ դրամ, Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել հարկային եկամուտների այդպիսի աճի պլանավորում, և դա ներկայումս անիրականանալի ցուցանիշ է, առավել ևս ճգնաժամային պայմաններում: Խաչատրյանը հայտարարել է, որ հարկային եկամուտների աճի այդ բարձրացումը բավականաչափ հիմնավորված չէ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ հարկային եկամուտները պետք է ավելացվեն, և դա իրականանալի խնդիր է: Տնտեսական թեմատիկայի շրջանակում տեղի ունեցած այդ անուղղակի բանավեճը վկայում է քաղաքական բավական նուրբ իրավիճակի մասին:
Ինչպես հայտնի է, Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի և Տիգրան Սարգսյանի միջև կան բավական հակասություններ, և Սարգսյանն արդեն տևական ժամանակ է՝ փորձում է հասնել ՊԵԿ նախագահի փոփոխության, սակայն բախվում է արգելքի, և անգամ երբ թվում է, թե նա ընդհուպ մոտեցել է նպատակին, այդուհանդերձ ինչ-որ բան մնում է կիսատ, և Խաչատրյանը շարունակում է պաշտոնավարել: Ըստ երևույթին, Տիգրան Սարգսյանը չի կարողանում Սերժ Սարգսյանին բավարար ապացույցներ կամ փաստարկներ ներկայացնել Խաչատրյանի աշխատանքի աննպատակահարմարության մասին: Բայց նաև միարժեք է, որ եթե Տիգրան Սարգսյանը չի կարողանում լուծել ՊԵԿ ղեկավարի հարցը, նրա համար անլուծելի է մնում թե՛ իր հռչակած տնտեսական ռեֆորմների արդյունավետության խնդիրը, թե՛ դրա շնորհիվ իշխանական համակարգում քաղաքական ազդեցություն ձեռք բերելու հարցը:
Այլ կերպ ասած՝ Տիգրան Սարգսյան-օլիգարխիա մրցակցությունում ՊԵԿ-ը ներկայումս օլիգարխիայի հետ աշխատող օղակ է, իսկ Սերժ Սարգսյանն էլ Տիգրան Սարգսյանի համար այդ օղակին չի հարվածի հենց այնպես, եթե չստանա լուրջ և ծանրակշիռ փաստարկներ այն մասին, որ Խաչատրյանը չի կարողանում ապահովել իշխանական համակարգի անվտանգ կենսագործունեություն և խնդիրներ է առաջացնում պետական եկամուտների հավաքագրման հետ կապված: Այդ տեսանկյունից հետաքրքրական էր ՊԵԿ նախագահի հնարավոր փոփոխության մասին վերջերս տեղի ունեցած աղմուկի ընթացքում Սերժ Սարգսյանի խոսնակի արձագանքը, թե հարկային պլանները կատարող կառույցի ղեկավարին չեն փոխում:
Եվ ահա, այժմ Տիգրան Սարգսյանն, ըստ ամենայնի, որոշել է պետական բյուջեի մի այնպիսի նշաձող սահմանել, որը փաստի առաջ կկանգնեցնի Գագիկ Խաչատրյանին: Հնարավոր գրեթե բոլոր զարգացումների դեպքում, երբ այդ նշաձողը մնում է, Գագիկ Խաչատրյանը հայտնվում է թիրախում: Բանն այն է, որ եթե նա հրաժարվում է հարկային ցուցանիշներն ապահովելուց, ապա դա իսկապես լուրջ փաստարկ է Սերժ Սարգսյանի առաջ, որ ՊԵԿ ղեկավարին փոխի և նշանակի մարդու, ով պատրաստ կլինի կատարել 2012 թվականի համար նախատեսված հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշը: Եթե Գագիկ Խաչատրյանն այդուհանդերձ համաձայնում է գնալ այդ ցուցանիշի կատարման, ապա արդյունքում մեծանում է վտանգը, որ նա տարվա առաջին իսկ ամիսներին կարող է լրջորեն ձախողվել, և դա ևս Տիգրան Սարգսյանի համար լուրջ փաստարկ կլինի Սերժ Սարգսյանին ՊԵԿ նախագահի փոփոխության հարցում համոզելու համար: Գագիկ Խաչատրյանն, ըստ էության, ձախողվում է նաև պլանը կատարելու դեպքում: Բանն այն է, որ այդ դեպքում նա կամ պետք է հարկային գրոհ սկսի օլիգարխիայի դեմ, ինչի պարագայում կհայտնվի հենց օլիգարխիայի թիրախում և կթուլանա նրա թիկունքը, կամ էլ պետք է է՛լ ավելի ինտենսիվ դարձնի հարկային տեռորը փոքր ու միջին ձեռնարկությունների հանդեպ: Իսկ այդ դեպքում արդեն Խաչատրյանը ևս հայտնվում է թիրախում, քանի որ իշխանության համար լուրջ խնդիրներ կառաջացնի հանրային վերաբերմունքի առումով, երբ խստացնի առանց այդ էլ անտանելի հարկային տեռորը: Դա էլ կարող է փաստարկ դառնալ նրա փոփոխությանը հասնելու համար:
Այդպիսով, ակնհայտ է, որ Տիգրան Սարգսյանը 2012 թվականի բյուջետային նախագծով փորձում է անբեկանելի անկյուն քշել ՊԵԿ ներկայիս ղեկավարին և, օգտվելով նախընտրական ժամանակահատվածում իշխանության գերզգայունությունից, լուծել Գագիկ Խաչատրյանի խնդիրը: Բանն այն է, որ այդ խնդրի լուծման հանրային, այսպես ասած, պահանջարկը լիովին առկա է, քանի որ գրեթե ամբողջ բիզնես դաշտը, անգամ շատ խոշոր գործարարներ, ուղղակիորեն դժգոհ են Խաչատրյանի թե՛ քաղաքականությունից, թե՛ պաշտոնն ու բիզնես-հետաքրքրությունները համատեղելու արատավոր իրողությունից` Խաչատրյանը հանդիսանում է նաև խոշոր ներկրող: Այդպիսով, ՊԵԿ ներկայիս ղեկավարի թիկունքում ընդամենը մի քանի ներկրող օլիգարխներ են, որոնք բավական ազդեցիկ են իշխանության մեջ: Սակայն, նրան մղելով անկյուն, Տիգրան Սարգսյանը կարող է, թերևս, առավել առարկայորեն ազդել Սերժ Սարգսյանի որոշման վրա՝ ցույց տալով, թե ինչ ձախողումներ է արձանագրում ՊԵԿ-ը:
Այդ հեռանկարը կանխատեսելով է ավանդաբար շատ զուսպ և լուռ Խաչատրյանը կառավարության նիստում այդպես հրապարակավ հակադարձել վարչապետին և բյուջեի նախագիծը, ըստ էության, որակել անհիմն: Բայց հարցը ներկայումս այն է, թե արդյո՞ք Տիգրան Սարգսյանը կկարողանա համոզել Սերժ Սարգսյանին, որ Հայաստանին 2012 թվականին անհրաժեշտ է հենց այդպիսի ծավալների բյուջեի նախագիծ և մասնավորապես հարկերի հավաքագրում` հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ավելացում՝ հօգուտ հարկերի տեսակարար կշռի: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հարկերի հավաքագրումն ու հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ հարկերի շատ փոքր տոկոսը Հայաստանի համար լուրջ խնդիր են համարում նաև միջազգային կազմակերպությունները` Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը: Ըստ երևույթին Տիգրան Սարգսյանը կփորձի նաև այդ կառույցների գործոնը ներգրավել Սերժ Սարգսյանին համոզելու հարցում, որ պետք է բյուջեն մնա և հեռանա Գագիկ Խաչատրյանը:
Ամբողջ հարցն այստեղ այն է, թե այդ ամենից ի՞նչ է շահում Հայաստանի տնտեսությունը: Եթե հարկեր-ՀՆԱ հարաբերակցության մեջ հարկերի տեսակարար կշիռն ավելանում է օլիգարխիայի հաշվին, ապա Հայաստանի տնտեսությունը դրանից կշահի, կշահի նաև բիզնես-միջավայրը` թե՛ հոգեբանական, թե՛ զուտ առարկայական` նյութական իմաստով: Բայց եթե ամեն ինչ արդյունքում կոտրվելու է փոքր ու միջին բիզնեսի վրա, ինչպես միշտ, ապա հանրության համար, մեծ հաշվով, ոչ մի էական տարբերություն չկա, թե ո՞վ է համոզում Սերժ Սարգսյանին` Տիգրան Սարգսյա՞նը, թե՞ Գագիկ Խաչատրյանը:












































