Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հաջորդ շաբաթ քննարկվելիք Հայաստանի մասին բանաձևի նախագիծը հնարավոր է՝ որոշակի փոփոխությունների ենթարկվի:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձևի նախագծում Վեհաժողովը ողջունում է «իշխանության և արտախորհրդարանական ընդդիմության միջև երկխոսության մեկնարկը», և կարծում է, որ երկխոսությունը պետք է նպատակաուղղված լինի «քաղաքական միջավայրի հետագա կարգավորմանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարական և մրցակցային ընտրությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»:
Հետևաբար՝ հաշվի առնելով, որ երկխոսությունն արդեն ձախողված է, Դավիթ Հարությունյանի խոսքերով , բանաձևի նախագիծը հնարավոր է՝ հարմարեցվի Հայաստանի այսօրվա իրավիճակին:
«Այն պահին, երբ նախապատրաստվում էր բանաձևը, երկխոսությունը դեռ ընթանում էր: Իհարկե, կարող են փոփոխություններ լինեն»,- ասել է Դավիթ Հարությունյանը:







































