Ռուսական «Կոմերսանտը» գրում է, որ նախօրեին Ռուսաստանի ազգայնականները հայտարարել են «Հերիք է կերակրել Կովկասը» շարժման ստեղծման մասին: Ռուս ազգայնականները սպառնում են զանգվածային ցույցեր անցկացնել, եթե կառավարությունը չկրճատի Հյուսիսային Կովկասի հանրապետություններին հատկացվող գումարները:
Փորձագետները նշում են, որ ազգայնականները նման ձևով ցանկանում են համոզել ռուսաստանցիներին, որ անհրաժեշտ է Ռուսաստանից անջատել Հյուսիսային Կովկասի հանրապետությունները:
Թերթը նշում է, որ ազգայնականներն օգտագործում են հին տվյալներ: Կովկասի հանրապետությունների համար 2012 թ. նախատեսված ծախսերը զգալիորեն կրճատվելու են: Հետևաբար` ազգայնականների նպատակը չի կարող լինել ծախսերի կրճատման պահանջը, քանի որ կառավարությունն այդ հարցն արդեն իսկ իրականություն է դարձրել:
Այս ամենի հետ մեկտեղ` ազգայնականներից ոչ բոլորն են համամիտ նման նախաձեռնության հետ, նրանցից շատերը գտնում են, որ եթե Մոսկվան չկերակրի Չեչնիային, Դաղստանին, Ինգուշեթիային, Կաբարդինո-Բալկարիային, ապա այս հանրապետություններից մարդիկ կգան մայրաքաղաք` ավելի լավ ապրուստի հույսով:







































