Պաշտոնյաների որդիների ներգրավվածությունը բանդիտների խմբի մեջ միայն լրատվամիջոցների շահարկումների արդյունք է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ միաժամանակ խոստանալով, որ կարգելի իր աշխատակիցներին մեկնաբանություններ տալ ու պատասխանել լրագրողների հարցերին. «Սրա նպատակն է, որ մամուլով ավելորդ հերյուրանքներ չտարածվեն, և, ինչու չէ, տարբեր պաշտոնյաներին վարկաբեկող նյութեր չտպագրվեն»:
Խոսելով հանցագործությունների մասին՝ Ա. Սարգսյանը հայտնեց, որ նույն օրը՝ սեպտեմբերի 23-ին, ավազակախումբը ծրագրել էր մեկ այլ ավազակային հարձակում Այգեստան թաղամասում, որը կանխվեց: Նրա բնութագրմամբ՝ դեպքի վայրում ավազակներին բռնելն ավելի հնչեղ կլիներ, սակայն՝ ոչ անվտանգ:
Ոստիկանապետի համաձայն՝ Այգեստանում պլանավորված հարձակման ձեռագիրը գրեթե նույնությամբ կրկնում է նախկին 4 հարձակումների ձեռագիրը: Բանդայի բոլոր անդամները ձերբակալված են: Նրանք մեղադրվում են 4 ավազակային հարձակումների մեջ, որոնցից 3-ը՝ հայտնի պաշտոնյաների տների վրա կատարված հարձակումներ են:
Անդրադառնալով գողոնին, որը դեռ չի հայտնաբերվել, Ա. Սարգսյանը հայտնեց, որ դա միայն ոսկի է, կանխիկ փող և նկարներ. «Սա բարդություն է ստեղծում դրանք հայտնաբերելու հարցում, բայց մենք անպայման կհայտնաբերենք գողոնը»:
Ա. Սարգսյանը խոստացավ հրապարակել բանդայի անդամների կենսագրականը՝ շեշտելով, որ դրանց շարքում չկան համակարգի նախկին աշխատակիցներ. «Էս խումբը վերջացած խումբ է և ուղղման էլ ենթակա չէ»:
Ա. Սարգսյանը նաև հերքեց «լավաշի» Սուրիկի հայտարարությունը, թե իր որդիներին ձերբակալել են իր բիզնեսը ձեռքից խլելու համար. «Այդ տղային բիզնեսի համար ոչ ոք չի ձերբակալել»:












































