Սեպտեմբերի 29-ին Ինտերպոլը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի որդու` Սաադի Քադաֆիի ձերբակալության կարգադրություն է արել:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse գործակալությունը, միջազգային ոստիկանական կազմակերպությունը հայտարարել է, որ Քադաֆիի որդին ամենափնտրվող հանցագործների ցուցակում է: Ձերբակալության հրահանգը տրվել է Լիբիայի նոր իշխանությունների հայցի հիման վրա, որոնք Սաադիին մեղադրում են անշարժ գույքի բնագավառում խաբեությունների, «մարդկանց զենքով ահաբեկելու», ինչպես նաև քաղաքացիական պատերազմի ընթացքում լիբիացիների սպանության մեջ:
Վերջին տվյալներով` Սաադի Քադաֆին թաքնվում է հարևան Նիգերում, որտեղ նա փախել է իր մերձավորների և ընտանիքի անդամների հետ: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ նրանց տրվել է «հումանիտար ապաստան»:
Նախքան բռնատիրության տապալումը Սաադին տարբեր պաշտոններ էր զբաղեցնում Լիբիայի սպորտային կազմակերպություններում, մասնավորապես գլխավորում էր ֆուտբոլի ֆեդերացիան: Նոր իշխանությունների տվյալներով՝ պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր կառավարական հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներից մեկը:









































