Ռուսաստանը չի բացառում, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է համաձայնեցնել Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը, որի նպատակն է Սիրիայում բռնությունների դադարեցումն ու կանխումը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը: «Եթե Անվտանգության խորհուրդն ,իրոք , միասնական է, և հարկավոր է ճանապարհ գտնել, որպեսզի Սիրիայում դադարեն բռնությունները, ապա այդ դեպքում մենք կարող ենք միասնական դիրքորոշում ունենալ»,- ասել է Չուրկինը` եվրոպացի դիվանագետների հետ Ռուսաստանի և եվրոպական երկրների կողմից ներկայացված բանաձևերի երկու տարբերակների քննարկումից հետո:
Այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ մի քանի ժամ առաջ Ռուսաստանը դեմ էր արևմտյան երկրների կողմից ներկայացված բանաձևի ընդունմանը: Անդրադառնալով բանաձևի ընդունման ժամկետներին` Չուրկինը հավելել է, որ եթե բանաձևի տեքստը լավը լինի, ապա այն արագ կընդունվի: «Անհրաժեշտ է արագ գործել, սակայն նաև կարևոր է սխալներ թույլ չտալ, որպեսզի ՄԱԿ ԱԽ-ի արձագանքը պարզ լինի»:







































