Հայկական կազմակերպությունները դատապարտում են հոկտեմբերի 3-ին նախատեսված օսմանյան ռազմաշքերթի անցկացումը Հոլիվուդում:
Այս մասին հայտնում է The Burbank Leader-ը` հավելելով, որ հայկական խմբերը, այդ թվում՝ Հայ երիտասարդաց դաշնակցությունը, մտադիր են բողոքել շքերթի կազմակերպման դեմ:
Burbank Leader-ը գրում է, որ շքերթի դեմ հանդես եկող հայերը նշում են, թե ռազմաշքերթը, որի նպատակն է Թուրքիայի ռազմական ուժի ցուցադրությունը, վիրավորական է Հայաստանից դուրս գտնվող հայերի համար, քանի որ օսմանյան թուրքերն իրագործել են նորագույն շրջանի առաջին ցեղասպանությունը՝ 1915-1923 թվականներին սպանելով մոտ 1.5 միլիոն հայ:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ օսմանյան բանակի կողմից Անատոլիայում սպանվել են հարյուր հազարավոր հայ կանայք և երեխաներ:
«Օսմանյան ռազմաշքերթը` գալարափողերի և հարվածային գործիքների ուղեկցությամբ, համարվում է աշխարհի ամենահին տեսակի ռազմական շքերթը»,- եզրափակում է The Burbank Leader-ը:









































