Ռուսաստանը դեմ է արտահայտվել ՄԱԿ-ում Սիրիայի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին եվրոպական երկրների առաջարկած բանաձևին: Ինչպես հայտնում է «Ռիա-Նովոստին»` հղում անելով «դիվանագիտական աղբյուրին», Սիրիայի հանդեպ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը ոչ պաշտոնական ձևաչափով քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Ռուսաստանը բազմիցս դեմ է արտահայվել Սիրիայի իշխող ռեժիմի դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումներին, քանի որ, ըստ նրա, դրանք կարող են հանգեցնել Լիբիայի դեպքերի կրկնությանը: ՌԴ-ն նախկինում ներկայացրել էր Սիրիայում տիրող իրավիճակի կայունացմանն ուղղված բանաձևի իր տարբերակը, որով պատժամիջոցներ չէին նախատեսվում:
Հիշեցնենք, որ Սիրիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը, ինչի հետևանքով բախումներ են գրանցվում ցուցարարների և կառավարական զորքերի հետ: Ըստ սիրիացի իրավապաշտպանների` այս տարվա մարտ ամսվա կեսերից սկսված բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 2700-ի:







































