Ռուսաստանն ազատ է արձակել ամերիկացի ուսուցիչ Մայք Ֆոգելին, որը ձերբակալվել և ազատազրկվել էր 2021 թվականին՝ թմրանյութ ներկրելու մեղադրանքով: Ֆոգելի ազատ արձակումը տեղի է ունեցել ամերիկա-ռուսական գործարքի շնորհիվ, որի մանրամասներ հայտնի չեն: Դոնալդ Թրամփը Պուտինին շնորհակալություն է հայտնել այդ որոշման համար:
Հատկանշական է, որ Ֆոգելի ազատ արձակման համար Մոսկվա է մեկնել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց նշանակված Ստիվ Ուոիտկոֆը: Այդ հանգամանքը նշանակում է, որ տեղի է ունեցել բավականին հանգամանալից քննարկում, այլ ոչ թե պարզապես բարի կամքի դրսևորում: Հակառակ պարագայում հազիվ թե կարիք լինել, որպեսզի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնացը մեկներ Մոսկվա: Միամիտ կլինի պատկերացնել, թե նա մեկնել է, որովհետև միակ ազատ դիվանագետն էր:
Ըստ այդմ, Ուիտկոֆի՝ հենց Մերձավոր Արևելքի հարցերով բանագնացի մեկնելը խոսում է թերևս այն մասին, որ ռուս-ամերիկյան գործարքի այս դրվագը, ըստ էության, իր զգալի մասով թերևս վերաբերել է ոչ թե ուկրաինական հակամարտությանը, այլ Մերձավոր Արևելքին, ինչի համար էլ եղել է կարիք, որ Մոսկվա մեկնի հենց այդ թեմային քաջատեղյակ դիվանագետը: Ընդ որում՝ այստեղ ուշադրության է արժանի և այն, որ Նյու Յորք Թայմս պարբերականը նախօրեին հրապարակել էր տեղեկություն, որ ուկրաինական կարգավորման Թրամփի պլանն այսպես ասած կասեցված է, իսկ կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Կելոգը բանակցելու է եվրոպական երկրների հետ՝ նրանց տեսակետները հաշվի առնելու և հավաստիացնելու համար, որ Եվրոպան դուրս չի մնա կարգավորման պլանի շուրջ բանակցային պրոցեսից:
Դա առավել ևս թույլ է տալիս մտածել, որ այս գործարքը ավելի շատ վերաբերել է մերձավորարևելյան իրողություններին: Սակայն մանրամասներ հայտնի չեն: Միևնույն ժամանակ հայտնի է, որ Մերձավոր Արևելքում իրարանցում է առաջացրել Թրամփի նոր մոտեցումը Գազայի հարցում: Նա պնդում է, որ պաղեստինցիները պետք է վերաբնակեցվեն, իսկ Գազան անցնի ԱՄՆ տնօրինությանը: Ռեգիոնի երկրները, սակայն դեմ են արտահայտվում այդ պլանին: Հատկանշական է, որ Ռուսաստանը, կարծես թե, առայժմ հստակ անդրադարձ չի արել Գազայի վերաբերյալ Թրամփի պլանի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թրամփի առաջարկը շատ ուղիղ և շատ կոշտ է թվում՝ իրականանալիության տեսանկյունից դյուրին լինելու համար: Հետևաբար, պետք է ենթադրել, որ այդ պլանն ավելի շուտ միտված է ռեգիոնում այլ պրոցեսներ խթանելուն: Վաշինգտոնն ու Մոսկվան դրա՞նք են քննարկել ուսուցչի ազատ արձակման վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում: Այստեղ ուշադրության արժանի էականն այն է, որ Մերձավոր Արևելքը, անշուշտ, շատ ավելի մոտ է կովկասյան «մաշկին», քան ուկրաինական պատերազմը:











































