«Կարելի է ընդհանրապես քաղաքաշինությամբ չզբաղվել, եթե ամեն անգամ գլխավոր հատակագծերը վերանայելիս դրանով ընդունվում են բոլոր այն ապօրինությունները, որ կատարված են: Այդ պարագայում իմաստազրկվում է գլխավոր հատակագծի ճշգրտումը»,- այսօր Երևանի գլխավոր հատակագծի ճշգրտման նախագծի հասարակական քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Նա շեշտեց, որ նախագծով ինչ կատարվել է՝ կատարվել է առաջադրանքի սահմաններում: Այսինքն, նախագծով լուծվել է այն, ինչ առաջադրանք եղել է. «Մինչ նախագիծ անելը կատարվում է ելակետային տվյալների հավաքում, հենակետային պլանի կազմում: Եթե այսօր նախագծվում է գլխավոր հատակագիծ, ուրեմն, ուզած չուզած, ինչ-որ չափով հաշվի են նստում եղած իրավիճակի հետ»: Պատասխանելով «Առաջին լրատվականի» հարցին՝ անօրինությունները առավել շատ ո՞ր տարիներին են կատարվել, Գ. Մուշեղյանը ասաց, թե վերջին 10 տարիներին: Ճարտարապետի կարծիքով՝ նախագիծը չի կարող հաստատվել, քանի որ նախկինում նախագծված փողոցների տեղում կառուցվել են բնակելի տներ, մասնավորապես` Լեինգրադյան փողոցը նախատեսվում էր թունելով միացնել նոր ճանապարհին, հիմա այլևս չպետք է արվի, և պետք է հանվի գլխավոր մայրուղիների ցուցակից: «Դա նորմալ երևույթ չէ»,- ասաց Գ. Մուշեղյանը:
Ըստ նրա՝ հիմնական խնդիրներից է նաև ճարտարապետական հուշարձանների պահպանության խնդիրը, երբ կարող են միշտ վերանայել այդ ցուցակը, մտցնել-հանել, և դա քաղաքաշինական գործոն է, որ ամեն անգամ պետք է դրա համար էլ հատակագիծ վերանայել: Գ. Մուշեղյանը նաև նշեց հողհատկացումների ժամանակ գոտիավորման նախագծի խնդիրը, կամ ճարտարապետական հատակագիծ տալու ժամանակ գոտիավորման և այլ խնդիրներ:
Անդրադառնալով Հրապարակի մետրոյի վրա հյուրանոցի կառուցման խնդրին` Գ. Մուշեղյանը նշեց. «Յուրաքանչյուր միջամտություն իր հետևից բերում է նոր միջամտություններ, և եթե այսօր ծավալատարածքային որևէ փոփոխություն է կատարվում, դա անպայման կազդի կառույցների ծավալատարածական լուծումների վրա: Անպայման պետք է հաշվի նստել կառույցների հեղինակների հետ, հատկապես որ նրանք կենդանի են: Այսօր Ջիմ Թորոսյանը իր դիրքորոշումը կատեգորիկ հայտնել է: Ես ինձ թույլ չեմ տա այլ կարծիք հայտնել, քան վաստակաշատ ճարտարապետի կարծիքը»:






































