Ամերիկյան The New York Post թերթը հրապարակել է վերջին շրջանում մեծ աղմուկ հանած՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանի թիկնապահների ու ՄԱԿ-ի անվտանգության ծառայության աշխատակիցների ծեծկռտուքի կադրերը, որը գրանցվել էր ուրբաթ օրը ՄԱԿ-ի շտաբ-կայանում։
Հիշեցնենք, որ պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասի ելույթից ուշացող Էրդողանը որոշել էր չնախատեսված երթուղով վերադառնալ նստաշրջանի դահլիճ, սակայն նրա ճանապարհը փակել էին ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները։ Արդյունքում բռնկվել էր ծեծկռտուք, որին Էրդողանն անձամբ չէր մասնակցել, սակայն ստիպված էր եղել դահլիճ վերադառնալ նախապես հաստատված երթուղով։
Այժմ ամերիկյան թերթը պարզել է, որ ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ են ստացել միայն ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները, քանի որ նրանք ուժ կիրառելու իրավունք չունեն։ Բացի այդ, Էրդողանի թիկնապահներն օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից, ինչի համար անհնար էր անգամ նրանց ձերբակալումը։
Ակնհայտ է, որ թուրքերն օգտվել են իրենց այս առավելություններից, ինչի արդյունքում տուժել են ՄԱԿ-ի անվտանգության երկու աշխատակից, որոնցից մեկը ջարդված կողոսկրերով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսը հարված է ստացել կրծքավանդակին։
ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ Էրդողանի թիկնապահներն իրենց պահել են ավազակների նման։
Հիշեցնենք, որ այդ միջադեպից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը տեղի ունեցածի համար Նյու Յորքում գտնվող «Թյուրքական տանը» անձամբ ներողություն էր խնդրել Էրդողանից, իսկ ՄԱԿ-ի անվտանգության ծառայության 9 աշխատակիցներ հեռացվել էին աշխատանքից։







































