Грузия Online-ը, վկայակոչելով Foreign Policy պարբերականի լրագրող Ջոշ Ռոգինին, ներկայացնում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում երկուշաբթի օրը Նյու Յորքում տեղի ունեցած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ հանդիպման ժամանակ կողմերի հիմնական քննարկման առարկան է դարձել Շվեյցարիայի միջնորդությամբ Վրաստանի և Ռուսաստանի միջև Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ բանակցությունների հարցը։
Հանդիպման ժամանակ Քլինթոնը Վաշաձեին (դրանից մեկ շաբաթ առաջ էլ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին) խնդրել է առավելագույնը քաղել Շվեյցարիայի առաջարկներից և փորձել առաջընթաց գրանցել գործընթացում։
Սակայն Վաշաձեն Քլինթոնին հայտարարել է, որ Վրաստանը չի կարող աջակցել ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը, քանի դեռ Ռուսաստանը չի համաձայնում ռուս-վրացական սահմանին միջազգային դիտորդների տեղակայմանը։
Վրաստանը ցանկանում է միջազգային դիտորդներին՝ որպես մաքսային ոլորտի աշխատակիցների, տեղակայել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ Ռուսաստանի սահմանին՝ փոխարինելով ռուս սահմանապահներին։ Սակայն ռուսական կողմը հրաժարվում է դա անել։
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել էր, թե Վրաստանը ցանկանում է, որ Ռուսաստանը մինչև տարեվերջ անդամակցի ԱՀԿ-ին, և որ դա կախված է բանակցությունների ժամանակ Ռուսաստանի կառուցողական դիրքորոշումից։
Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն Վրաստանի ԱԳՆ-ի այս հայտարարությունը որակել էր որպես Վրաստանի վրա Արևմուտքի կողմից գործադրած մեծ ճնշման արդյունք։









































