«Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցապատող «ՌՈԲՇԻՆ» ՍՊ ընկերությունն անտեսել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությունը՝ կասեցնել բոլոր տիպի աշխատանքները և 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը: Բնապահպան ակտիվիստներն ահազանգել են, որ ջրվեժի կողքով արդեն մոտ 100 մետր փորված է` հավանաբար գետի հունը փոխելու նպատակով: Սրա հետևանքով մինչև ջրվեժի սկիզբը գետի հունը կիսով չափ փակվել է՝ լցվելով քարերով ու հողով:
Բնապահպանության նախարարության մամուլի պատասխանատու Արծրուն Պեպանյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ նախարարը կառուցապատողին սեպտեմբերի 9-ին էր հանձնարարել ջրառի այլընտրանքային տարբերակ առաջարկել, որպեսզի ջրվեժին «հնարավորինս քիչ վնաս հասցվի», սակայն «այս պահի դրությամբ չեն ներկայացրել»: Կառուցապատողին ջրօգտագործման թույլտվությունը տրվել է դեռ 2004 թ.:
«Գործը հին է, երեկ չեն դիմել, որ մենք էլ տվել ենք»,- ասաց Ա. Պեպանյանը:
Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, այդ հէկն ամբողջովին անօրինական կառույց է, քանի որ ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունն անօրինական ձևով են տրվել. «Օրենքով փորձաքննությունն անմիջապես պետք է մերժեր նախագիծը, և նախարարը չպետք է ստորագրեր այն: Այս գործունեությունը պետք է բացառվի, որովհետև հատուկ պահպանվող տարածքը միայն ջրթափի հատվածը չի, այլ ամբողջ ջրավազանը, որ ջրվեժի էկոհոմակարգը պահպանվի: Եվ ոչ մի այլընտրանքային նախագիծ չպետք է քննարկվի: Պետք է վերջ տալ անօրինականությանը և չեղյալ համարել այդ թույլտվությունները»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ջրօգտագործման թույլտվությունը և բնապահպանական փորձաքննության եզրակացությունը տրվել են դեռ 2004-ին, իսկ Թռչկանի ջրվեժը 2008 թվին է, ՀՀ կառավարության թիվ 967 որոշման համաձայն, ներառվել Հայաստանի բնության ջրագրական հուշարձանների ցանկում, իսկ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը՝ Ի. Զարաֆյանը նշեց, որ դա ոչինչ չի փոխում, և քանի որ տրված թույլտվությունների ժամկետը շատ էր հնացել, կառուցապատողը պարտավոր էր նոր թույլտվություններ վերցնել, ինչն արդեն օրենքով կկասեցվեր:
Թռչկան ջրվեժն անձեռնմխելի թողնելու պահանջով դեռ անցած տարի բնապահպանության նախարարին դիմում են գրել նաև Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչները՝ մասնավորապես հիշեցնելով, որ համայնքի վարչական տարածքով հոսող Չիչխան գետի վրա գտնվող Թռչկան ջրվեժը պետության կողմից հատուկ պահպանության տարածք է, իսկ հէկի կառուցումից հետո ջրվեժն այլևս գոյություն չի ունենա: Ընդ որում, գյուղացիները նախարարին տեղեկացրել են, որ խնդրի շուրջ կազմակերպված հասարակական լսումների ժամանակ, երբ տրվել է համայնքի ղեկավարության համաձայնությունը, ընդամենը մի խումբ գյուղացիների բացատրել են, որ հէկի կառուցումը ջրվեժին չի վնասում:
Գյուղացիներին ներկայացնում են, որ իբր թե կառուցվելու է հէկ, որը լինելու է ջրվեժից ներքև, կարևորը՝ կբացվեն աշխատատեղեր ու գյուղացիները ստիպված չեն լինի արտագաղթել, բնապահպանության դրական եզրակացություն են ցույց տալիս, որտեղ ասվում է, որ ՀԷԿ-ը ոչ մի տեսակի բացասական ազդեցություն չի ունենալու ո՛չ շրջակա միջավայրի վրա և ո՛չ էլ, առավել ևս, Թռչկանի ջրվեժի վրա, քանի որ այն գտնվում է ջրվեժի ներքևի մասում: «Իրականում այդպես չէ, հէկի կառուցումով բնության երեսից կջնջվի այդ հրաշք ջրվեժը»,- նշել են գյուղացիները՝ խնդրելով չաղավաղել բնությունը և բնության նվերը թողնել այնպես, ինչպես որ կա:
Ի դեպ, Թռչկանի հանդեպ անտարբեր չէ նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որը վերջերս այցելել է ջրվեժ: Այժմ տեղացիները տարբեր մտորումների մեջ են ընկել, թե ի՞նչ կապ ունի կամ կարող է ունենալ այս ամենի հետ Հ. Աբրահամյանը, և ինչպե՞ս կփոխվի Թռչկանի ճակատագիրը:
Հավելենք, որ Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում` Փամբակ գետի Չիչխան վտակի վրա (բնական ջրահոսք) «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման լիցենզիան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՌՈԲՇԻՆ» ՍՊԸ-ին տրամադրել է 2010 թ. ապրիլին՝ մինչև 2012 թ. օգոստոսի 7-ը գործողության ժամկետով:











































