Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պաշտոնական Երևանն արդեն հաղորդակցություն ունի ԱՄՆ նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ: Մեկ շաբաթ է մնացել Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին, որից հետո Սպիտակ տանը կլինի նոր վարչակազմ:
Բնականաբար, առավել արդիական է դառնում հարցը, թե պաշտոնական Երևանն ինչ հարաբերություն կունենա նոր վարչակազմի հետ, որքան կլինի նախորդի հետ հարաբերության ու աշխատանքի շարունակության աստիճանը, դինամիկան: Գլխավոր հարցը, սակայն, այն չէ՝ կա՞ն կոնտակտներ, հաղորդակցություն, թե՞ ոչ: Ավելին՝ Երևանն այդ հարցը իսկապես պետք է լուծած լիներ արդեն շատ վաղուց:
Գլխավոր հարցը ոչ թե կոնտակտների առկայությունն է, այլ օրակարգը, բովանդակությունը: Այստեղ է հայ-ամերիկյան փոխհարաբերության հիմնարար հարցն ընդհանրապես: Ո՞րն է այդ հարաբերության օրակարգը: Այստեղ է, որ կան հնչեղ ձևակերպումներ ու հայտարարություններ, սակայն, գործնականում չկա շոշափելի օրակարգային պատկեր:
Իսկ այդ հարցն առավել քան կարևոր է դառնալու նոր վարչակազմի պարագայում, որն իր քաղաքական պատկերացումների և առաջնահերթությունների հարցում կարծես թե նկատելի տարբերվելու է նախորդ վարչակազմից, հետևաբար կարող է շոշափելիորեն փոխվել նաև մարտավարությունը Կովկասի հարցում: Հայաստանի համար սա լինելու է մարտահրավեր՝ հատկապես նկատի ունենալով այն, որ հեռացող վարչակազմի հետ փոխհարաբերության դինամիկան ու ինտենսիվությունն ավելի շատ և նկատելի պայմանավորված էր այն դիմակայությամբ, որ վարչակազմը ուներ Ռուսաստանի հետ:
Ընտրված նախագահ Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ նախապատրաստվում է Թրամփ-Պուտին հանդիպում, իսկ առաջիկայում կարող է լինել հեռախոսազրույց: Այդ հանգամանքը, անշուշտ, չի նշանակելու, որ Վաշինգտոնն ու Մոսկվան անցնելու են երկխոսության ռեժիմի, սակայն նրանց միջև տարակարծության կամ հակադրության տրամաբանությունը կարող է ենթարկվել փոփոխության: Երևանը բովանդակային առումով պատրա՞ստ է այդ փոփոխություններին:









































