Skype-ի միջոցով թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ WikiLeaks-յան բացահայտումներում Թուրքիային առնչվող փաստաթղթերն իրենց քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը։
Ասանժը նշել է, որ ԱՄՆ ուղարկված հաղորդագրությունների քանակով Թուրքիան զիջել է միայն Իրաքին։ Ըստ Ասանժի՝ դա ի ցույց է դնում Վաշինգտոնի համար Թուրքիայի տարածաշրջանային ռազմավարական մեծ արժեքը։
Ասանժի հետ հարցազրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում, քանի որ մոտ մեկ ժամանոց այդ հաղորդումը թուրքական հեռուստաընկերության եթերում հայտնվելու է հոկտեմբերի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 19.15-ին։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի կեսին Ասանժի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Թուրքիայում ամենասարսափահարույց թերթի համբավ վայելող Taraf-ը սկսել էր հրապարակել նրանից ստացած և Թուրքիային առնչվող 11.000 WikiLeaks-յան հաղորդագրություններ։












































