«Հայաստանը պատրաստ չէ միանգամից մեծ քանակությամբ տուրիստ ընդունելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով զբոսաշրջության ձեռքբերումների եւ բացթողումների մասին, ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» նախագահ Ռոբերտ Մինասյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանի տուրիզմն ունի մի շարք խնդիրներ: «Իրականությունն ապացուցեց, որ Հայաստանը միանգամից մեծ քանակությամբ տուրիստ ընդունելու պատրաստ չէ: Մենք խնդիրներ ունենք հյուրանոցներում, կա փոխադրամիջոցների պակաս, մենք գիդերի խնդիր ունենք, որոնք տիրապետում են տարբեր լեզուների: Մենք պետք է լուծենք այս բոլոր խնդիրները»,- իր մասնագիտական կարծիքը հայտնեց Ռ. Մինասյանը` հավելելով, որ պետք է ավելացնել Հայաստանում մատուցվող ծառայությունների որակը:
«Տուրիզմը զբոսաշրջություն չէ, այլ արդյունաբերություն: Հայաստանի համար տուրիզմը, որպես գերակա ուղղություն, կարևորվում է, և պետությունը մեծ խնդիրներ է դրել տուրիզմի ոլորտի առջև:
Տուրիզմը հսկայական գումարների հոսք է և աշխատատեղերի ստեղծում, որը մեզ համար շատ-շատ կարևոր է, շատ երկրներում մեծ թիվ է կազմում տուրիզմից եկած եկամուտները»,- մեկնաբանեց Ռ. Մինասյանը` շարունակելով, որ աշխարհի ցանկացած զարգացած երկրում 30-40% եկամուտը երկիրը ստանում է տուրիզմի ոլորտից, և մեր երկիրը նույնպես պետք է հասնի նրան, որ հսկայական գումարներ ստանա ներքին տուրիզմից:
Անդրադառնալով գնային քաղաքականությանը` նա ասաց, որ այն ոչ մի տեղ մատչելի չէ: «Եթե մենք ընդլայնենք մեր հնարավորությունները, ապա այն մարդը, ով սպասարկում է ստիպված կլինի իր գները վերանայել, այստեղ շատ կարևոր է պետության դերը: Պետությունը կարգավորիչ դեր պետք է խաղա»,- վերլուծեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտորը:





































