Գործունեության 5-րդ տարվա ընթացքում ջրամատակարարման շարունակականությունը պայմանագրով նախատեսված 82.5%-ի (19.8 ժամի) փոխարեն կազմել է 88.6% (21.26 ժամ): Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Ռամբոլ» միջազգային խորհրդատվական ընկերության տեխնիկական աուդիտի արդյունքներն է հայտնել «Երևան ջուր» ՓԲԸ պայմանագրի կառավարման և իրավաբանական տնօրեն Արտակ Մալխասյանը:
Բարելավման արդյունքում շահել են բաժանորդների բոլոր խմբերը, բացի 20-24 ժամ ունեցողներից, քանզի ուղղվածությունն եղել է ավելի քիչ ջուր ստացող բաժանորդների ծառայության բարելավումը: Ընդ որում, նշված բարձր արդյունքը ձեռք է բերվել ջրի խնայման ռեժիմի պարագայում: Այսպես՝ անցած տարվա ընթացքում ջրառը աղբյուրներից կրճատվել է մոտ 6%-ով կամ 20 մլն խոր/մ-ով, որի շնորհիվ հնարավոր է դարձել 26%-ով կրճատել էլեկտրաէներգիայի ծախսը համակարգում: Սրան զուգահեռ ընկերությունը 22 մլն խոր/մ-ով կրճատել է հոսակորուստները բաշխիչ ցանցում:
Ինչ վերաբերում է ջրի մանրէաբանական որակին, ապա այն համապատասխանել է պահանջներին ոչ միայն Երևանում, այլև սպասարկման տարածքի գյուղերում: Շեղումը կազմել է 0.5%, ինչը թույլատրելիից 10 անգամ պակաս է:
Բաժանորդների գրավոր դիմում-բողոքներին արձագանքման մասով ևս նպատակային ցուցանիշն ապահովվել է: Այն կազմում է միջինը մոտ 6 օր 15-ի փոխարեն:
Վթարների արձագանքման ժամանակահատվածը կազմել է միջինը մոտ 12 ժամ՝ պայմանագրով նախատեսված 36 ժամվա փոխարեն:
Ըստ աուդիտորի` ընդհանուր առմամբ, արդեն երրորդ տարին անընդմեջ վարձակալության պայմանագրով երևանցիներին մատուցվող ծառայությունները բարելավվում են:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե, ի վերջո, որն է հիմնական պատճառը, որ չի բարելավվում ջրի մատակարարումը Երևան քաղաքում, Արտակ Մալխասյանը պատասխանեց.
«Ջրամատակարարումը Երևան քաղաքում բարելավում ապրում է, և՛ բոլոր ցուցանիշները, և՛ ահազանգերը, և՛ բողոքները ցույց են տալիս, որ քաղաքում ջրամատակարարումը բարելավվել է: Ճիշտ է, կան լոկալ շատ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Պայմանագրով նախատեսվում է, որ 10-րդ պայմանագրային տարում ջրամատակարարման միջին շարունակականությունը պետք է լինի 95%: Մեր բնակիչներին պետք է մատակարարվի օրվա ընթացքում միջին գնահատականով 22.8 ժամ ջուր: Գնահատելով մեր այսօրվա ձեռքբերումները` այդ ցուցանիշին կհասնենք ավելի շուտ»:











































