Այսօր Տուրիզմի միջազգային օրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության» նախագահ Ռոբերտ Մինասյանը` խոսելով զբոսաշրջության ձեռքբերումների և բացթողումների մասին: «Առավոտյան, հետևելով լրատվամիջոցներին, հասկացա, որ այս օրվա մասին քչերն են հիշում: Ի տարբերություն շատ երկրների, երրորդ տարին է այս տարի, որ Հայաստանի կառավարությունը նշում է տուրիզմի միջազգային օրը, կարևորվում է տուրիզմը Հայաստանում` որպես գերակա ուղղություն»,- ասաց Ռ. Մինասյանը` բոլորին շնորհավորելով տոնի կապակցությամբ:
Անդրադառնալով տուրիզմին Հայաստանում` նա նշեց, որ 20 տարիների ընթացքում հայկական տուրիզմն ունեցել է զարգացումներ: « Տուրիզմը դա զբոսաշրջություն չէ, այլ արդյունաբերություն, և մեր երկրի համար այն գերակա խնդիրներից մեկն է»,- շարունակեց Ռ. Մինասյանը` հավելելով, որ 20 տարիների ընթացքում դրական տեղաշարժեր են տեղի ունեցել, սակայն` որակական, ոչ քանակական: «Բայց հիմա կա նաև տենդենց, որ այցելուների քանակությունը ավելանում է»,- ասաց Ռ. Մինասյանը:
Տեղեկացնենք, որ այսօր տուրիզմը զարգացած է Չեխիայում, Հունգարիայում, Ավստրիայում և, մասնագետի փաստմամբ, ծով չունենալը կապ չունի, եթե երկրում լինեն լավ պայմաններ, շատերն այստեղ կանցկացնեն իրենց հանգիստը:









































