Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը: «ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարությամբ կազմված հանձնաժողովը, տեղում ուսումնասիրություններ կատարելուց հետո, պարզել է, որ մասնագետների մոտ կան կազմակերպչական և այլ բնույթի բացթողումներ: Արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը սեպտեմբերի 15-ին նամակով դիմել է Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին և առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, կենտրոնի տնօրենին և ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին»,- դեռևս վերը նշված մանրամասներով սահմանափակվեց Շուշան Հունանյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծնված նորածինը արհեստական շնչառության շնորհիվ մեկ շաբաթ կենաց պայքար մղելուց հետո մահացավ: Մինչ այդ բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը օգոստոսի 11-ին ծննդաբերության համար իրենց մոտ տեղափոխված, Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից մի կնոջ հարազատներին հորդորել էր մի քիչ էլ սպասել, մինչև ինքը իր բուրդը կչփխի ու կգա ծնունդն ընդունելու:
Ավելին, ըստ ծննդկանի հարազատների` երեխայի ծնվելուց հետո բժշկուհին հայտարարել է, թե ինքը գնում է, երբ երեխան մահանա, թող զանգեն, որ գա տեսնի՝ ինչո՞ւ թոք չունի: