Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում տեղի է ունեցել Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։ Հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում բանակցություններ անցկացնելու շուրջ։ Բացի այդ, Քլինթոնը ևս մեկ անգամ հայտնել է Վրաստանին իր աջակցության մասին։
Աշխատանքային խմբերը պետք է հստակեցնեն հանդիպման անցկացման վայրը։ Եթե պլանավորվի հանդիպումն անցկացնել Վրաստանում, ապա Թբիլիսի կայցելի Հիլարի Քլինթոնը, որը կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Իսկ 2009 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ-ը և Վրաստանը Վաշինգտոնում ստորագրեցին Ռազմավարական գործընկերության մասին խարտիան։ Ամերիկյան կողմից այն ստորագրել է տվյալ ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, իսկ վրացական կողմից՝ Գրիգոլ Վաշաձեն։
Դրանով ենթադրվում էր պաշտպանության ու անվտանգության, տնտեսական, էներգետիկ, ժողովրդավարական բարեփոխումների, դիվանագիտական ու մշակութային ոլորտներում գործընկերության և համագործակցության ընդլայնում։







































