Հայտնի ամերիկացի երգչուհի Լեդի Գագան այցելել է մի միջոցառում, որտեղ իրականացվել է նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի համար գումարների հանգանակություն: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այս միջոցառումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սիլիկոնային հովտում՝ Facebook սոցիալական ցանցի տնօրեններից մեկի` Շերիլ Սանդբերգի տան դիմացի պուրակում: Այստեղ է եղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս միջոցառմանը մասնակցել է 70 մարդ, որոնցից յուրաքանչյուրը վճարել է 35.8 հազար դոլար:
CNN-ին տված հարցազրույցում Լեդի Գագան ասել էր, որ պատրաստվում է Օբամայի հետ զրուցել դպրոցականների միջև տեղի ունեցող բախումների մասին, որը վերջին շրջանում լուրջ խնդիր է դարձել: Մասնավորաբար, հիշատակվում է անցած շաբաթ Նյու Յորքում ինքնասպանություն գործած 14-ամյա պատանու դեպքը, որը ոչ ավանդական սեռական կողմնորոշում է ունեցել: Չի նշվում, սակայն, արդյո՞ք Սանդբերգի տան պուրակում կազմակերպված միջոցառմանը քննարկվել է այս թեման:







































