Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով սեպտեմբերի 23-25-ը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա քաղաքում՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաև 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ իր ելույթում Երևանի քաղաքապետն ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև օրեցօր ամրապնդվող և ընդլայնվող բարեկամական և գործընկերային կապերի կարևորությունը.
«Այսօր, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 20-ամյակը, պետք է արձանագրենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Այդ համատեքստում շատ կարևոր է համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ այդ թվում նաև երկու երկրների քաղաքների միջև։ Երևանի և ֆրանսիական քաղաքների, մասնավորապես Նիցցայի միջև գործակցությունն անհրաժեշտ է առավել կառուցողական մակարդակ տեղափոխել», – նշել է Կարեն Կարապետյանը։
Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիցցայի Հայաստանի հրապարակում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սևակի հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը։ Իր ելույթում Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնելով Նիցցայի քաղաքային իշխանություններին և, ի դեմս նրանց, Ֆրանսիայի կառավարությանը, հայ ժողովրդի և մասնավորապես ֆրանսահայ համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար, մասնավորապես նշել է. «Հայ–ֆրանսիական հարաբերությունները մեր՝ հայերիս համար, յուրահատուկ տեղ ունեն։ Չկա մի հայ, որ հարգանքով չվերաբերվի Ֆրանսիային ու ֆրանսիական ժողովրդին և երախտագիտությամբ չգնահատի փաստը, որ 2001թ.–ին ֆրանսիան օրենքի ուժով ճանաչեց և դատապարտեց 1915–ի հայոց ցեղասպանությունը»:
Այցի ընթացքում քաքաղաքապետը այցելել է Նիցցայի Հայ Առաքելական Սուրբ Աստավածածին եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Քաղաքապետը եղել է նաև տեղի հայկական վարժարանում, ուր ծանոթացել է վարժարանի պայմաններին և կրթական ծրագրերին։











































