Մամուլի ազգային ակումբը, ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ (NDI) համատեղ, հրավիրել էր քաղաքական «Նախընտրական պայքարի միտումները Հայաստանում և համագործակցության հնարավորությունները քաղաքական ուժերի միջև» թեմայով քննարկման: ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը իր խոսքում նշեց, թե ողջունում է այն հանգամանքը, որ մեզանում ութ ամիս առաջ արդեն ընտրությունների հետ կապված ակտիվություն և հետաքրքրություն է նկատվում, ինչը համարեց ժողովրդավարական հասարակության կարևորագույն ձեռքբերում: Նա նշեց, որ ՀՀԿ-ի համար դեռ վաղ է զինվել նախընտրական գործողություններով, բայց ավելացրեց, որ ամեն ինչ պետք է անել, որ հաջորդ ընտրությունները մեկ քայլ առաջ լինեն նախորդից: Արտակ Զաքարյանը ասաց, որ հասարակությունը վստահում է ՀՀԿ-ին, և դա ակնհայտ է, դրանով են պայմանավորված ՀՀԿ այդքան շատ քվեները, նաև ասաց, որ իրենք քսան տարիների ընթացքում կուսակցական համակարգ են ձևավորել:
ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ նախընտրական գործընթացքը դեռ սկսված չէ, բայց դեռ սարերի հետևում էլ չէ, մինչև տարեվերջ պարզ կլինի, թե ցանկացած քաղաքական ուժ ինչպես է մասնակցելու ընտրություններին: Նրա խոսքերով՝ «Օրինաց երկիրը» կենսագրություն ունեցող քաղաքական ուժ է, մասնակցել է ընտրություններին, մեր վսատահության քվեները տարել ենք, հավատարիմ ենք մնացել մեր որդեգրած սկզբունքներին: Մենք պետք է կարողանանք արդար ընտրություններ անցկացնել։ Պատմությունը ցույց է տվել, որ «Օրինաց երկիրը» քաղաքական այն ուժերից է, որ առանց կոպեկի վստահության քվե է ստացել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ այս ընտրությունները յուրահատկություն ունեն իրենց մեջ. միջազգային գործընկերներն ուշադրություն են դարձնում, սա դրական ազդեցություն կարող է ունենալ, երկրորդ` Վիկիլիքսի հետ կապված ակնհայտ փաստեր կան, որոնք նախըտրական պայքարի ընթացքում հիշատակվելու են: Նա նաև փաստեց, որ առաջին անգամ ընտրությունների ընթացքում իշխանության տարբեր թևերի միջև ներքին պայքար կա. «Ժառանգությունը» տեսնելու է՝ ոչ թե ում հետ, այլ ինչ խնդրի շուրջ ենք համագործակցելու, այդ համագործակցությունը երկարաժամկետ պետք է լինի: «Ժառանգությունը» բաց է ցանկացած ուժի հետ համագործակցելու համար, իսկ միավորում կազմելուց առաջ պետք է սահմանադրական փոփոխություններ իրականանցնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ նկատեց, թե ինչ վերաբերում է ընտրություններին՝ դա ֆարս է, ուղղակի ձևականություն: Տիգրան Կարապետյանի խոսքերով`դրանով է պայմանավորված, որ ՀՀԿ ներկայացուցիչն ասում է, որ իրենք պրոբլեմ չունեն, որովհետև, նրա խոսքերով, ամեն ինչ գրված է. «ՕԵԿ և ՀՀԿ ներկայացուցիչները շատ են ասում, շեշտում ժողովրդավարության մասին։ Չկա ժողովրդավարություն, չսիրված կուսակցությունները անցնում են խորհրդարան, չսիրվածները դառնում են պատգամավորներ, ժողովուրդը մերվել է այս վիճակին, դարձել է պասիվ, նույն կերպ՝ ինչպես Արևմտյան Հայաստանում»։ Նա ասաց, որ կողմ է արտահերթ ընտրություններին, որ օր առաջ պետք է վերջ տալ այս համակարգին. «Բոլորը ձև են տալիս, թե ժողովրդավարությամբ են զբաղվում»,- ասաց Տիգրան Կարապետյանը` փաստելով, որ պատմությունը կրկնվում է:








































