Աֆղանստանում ձերբակալել են երկրի նախկին նախագահ, Խաղաղության բարձրագույն խորհրդի ղեկավար Բուրհանուդդին Ռաբբանիի սպանության մեջ կասկածվողին:
Ինչպես հաղորդում է The New York Times պարբերականը, Ռաբբանիի սպանության կասկածանքով Աֆղանստանի հետախուզությունը քննում է ոմն Համիդուլլահ Ակհունդի: Հետաքննության տվյալներով` հենց վերջինս է մահապարտ ուղարկել նախկին նախագահի դեմ: Հետաքննությունը պարզել է, որ Ակհունդը Պակիստանի սահմանի վրա գտնվող Քվետտա քաղաքում միջնորդի դեր էր կատարում Խաղաղության խորհրդի և «Թալիբան» շարժման միջև: Հետաքննությունը պարզել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում Ակհունդը երկու անգամ հանդիպել է Ռաբբանիի և խորհրդի այլ անդամների հետ: Ինչպես հետաքննությանը հայտնել է նախկին թալիբ և խորհրդի անդամ Ռամաթուլլահ Վահդիյարը, սպանությունից մոտ մեկ շաբաթ առաջ Ակհունդը Բարձրագույն խորհրդին զեկուցել է, թե թալիբները պատրաստ են վերսկսել հարաբերությունները: Ակհունդը իբր հայտարարել էր, որ Ռաբբանիի հետ հանդիպմանը ինքը ներկա գտնվել չի կարող, ուստի ուղարկում է իր վստահված անձին, որն էլ, ինչպես պարզվել է, մահապարտ-ահաբեկիչն է եղել:
Ռաբբանին զոհվել է սեպտեմբերի 20-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյունի ժամանակ: Նա Աֆղանստանի նախագահն էր 1992 թ. հունիսից մինչև 2001 թ. դեկտեմբերը: Վերջին տարիներին նա զբաղվում էր Աֆղանստանի հակամարտող խմբավորումների և շարժումների միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներով:







































