Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում աշխատող ավելի քան 150 գիտնականներ հավաքվել են Երևանում` մասնակցելու այսօր մեկնարկած «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ-2011» 8-րդ միջազգային գիտաժողովին: Մասնակիցները եկել են Ռուսաստանից, Ֆրանսիայից Բուլղարիայից, Հունգարիայից, Կանադայից, Բելգիայից, Վրաստանից, Գերմանիայից և ԱՄՆ-ից:
Հանդես գալով ողջույնի խոսքով` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը և նշանակությունը` հատկապես ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարելով առաջնահերթություն: «Գիտաժողովի նպատակն է քաջալերել կոմպյուտերային գիտության զարգացումը և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում փորձագետների միջև գիտական և տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը:
Գիտաժողովը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 30-ը: Այն կազմակերպել է Գիտությունների ազգային ակադեմիան` Կառավարության, «Սինոփսիս-Հայաստան» «Յունիկոմպ», «Հայլինք» ընկերությունների, Երևանի կապի միջոցների ԳՀԻ-ի, ձեռնարկությունների, «Ինկուբատոր» հիմնադրամի, Հայաստանի զարգացման գործակալության, «Արմինկո»-ի և Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի աջակցությամբ:
Նշենք, որ առաջին անգամ համաժողովը անցկացվել է 1997 թվականին:








































