Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում տեղի ունեցած համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին՝ Իսրայելի հարձակումից տուժածներին, տեղահանվածներին, նրանց ապաստանած քաղաքացիներին: Փարիզն ակնկալում է, որ այլ դոնորներ ևս կգտնվեն և կկարողանան համալրել այն գրեթե 500 միլիոն դոլարի կարիքը, որ, ՄԱԿ գնահատմամբ, անհրաժեշտ է Լիբանանի համար:
Փարիզն այստեղ, ըստ էության, 100 միլիոնով ներկայացնում է առաջնորդության հայտ, ինչը անկասկած ունի իր աշխարհաքաղաքական պատճառները: Լիբանանը Մերձավոր Արևելքի ռեգիոնում Ֆրանսիայի գլխավոր հենարանն է: Լիբանանում Փարիզի դիրքերի կորուստը, ըստ էության, կնշանակի, որ Ֆրանսիան կորցնում է Մերձավոր Արևելքը: Իսկ Աֆրիկայում կորուստներից հետո դա կլինի խիստ ցավոտ հարված Ֆրանսիայի աշխարհաքաղաքական դիրքերին:
Դա է նաև պատճառը, որ Լիբանանի հարցում Փարիզը սերտ հարաբերվում է նաև Իրանի հետ՝ հաշվի առնելով այդ երկրի ազդեցությունը թե ռեգիոնում, թե նաև մասնավորապես Լիբանանի հասարակական-քաղաքական, ու նաև ռազմաքաղաքական միջավայրում՝ նկատի ունենալով կապը Հըզբոլլահի հետ: Այդ ֆոնին ինքս պարբերաբար շոշափել եմ հարցը, թե արդյո՞ք Փարիզը նույն կերպ հարաբերվում է Թեհրանի հետ նաև Կովկասի՝ մասնավորապես Հայաստանի հարցում:
Ֆրանսիան շահագրգռված է Կենտրոնական Ասիա-Եվրոպա կապի հարցում, բայց ֆրանսիական ռազմավարությունն ու շահերը ենթադրում են կապ, որը առավելագույնս զերծ կլինի Ադրբեջանի և Թուրքիայի վերահսկողությունից՝ այդ կերպ Ֆրանսիային կախվածության մեջ չպահելով իր անվտանգության եվրոպական միջավայրի և աշխարհաքաղաքական դերի էքսզիստենցիալ մարտահրավեր ներկայացնող սուբյեկտներից:
Հենց այդ նկատառումն էր նաև, որ նախագահ Մակրոնին «տարել» էր Հնդկաստան, որը ևս փնտրում է Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող լոգիստիկ այնպիսի ուղիներ, որոնք կշրջանցեն Ադրբեջանն ու Թուրքիան, կամ առնվազն կլինեն դրան ռեալ այլընտրանք: Իսկ այդպիսին դիտարկվում է, բնականաբար, Պարսից ծոց-Սև ծով գաղափարը, որ առաջ է քաշել Իրանն ու այդ ուղղությամբ պայմանավորվածությունների շրջանակում էլ Հնդկաստանի հետ արդիականացնում է իր Չաբահար նավահանգիստը:
Եվ այդ իմաստով, ներկայումս արդիական հարց է, թե ինչպես է Փարիզը վերաբերում ամերիկյան այն նախաձեռնությանը, որ անցնող օրերին եղավ նախագահ Բայդենի անունից, ուղղված Ալիևին ու Փաշինյանին: Այդ նախաձեռնությանն Իրանը թերևս առնչվել է ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանի հետ շփումով, դրան կառնչվի նաև Պուտինը: Իսկ Փարիզի համար ինչպիսի՞ կոմունիկացիա է ապահոված՝ «թեմային» հանգամանալից ծանոթանալու նպատակով: Հնարավոր է, որ այդ կոմունիկացիան կապահովի Եվրամիության դիտորդական առաքելության ճակատագրի վերաբերյալ քննարկումների «գծով», որտեղ Ֆրանսիան, անշուշտ, լինելու է առաջնային դերակատարներից մեկը:









































