ՄԱԿ-ը ներկայացրել է աշխարհի տնտեսական իրավիճակի մասին զեկույց` «Համաշխարհային տնտեսական իրավիճակը և հեռանկարները 2011թ.», որտեղ ներկայացրել է կազմակերպության մտահոգությունները տնտեսության ներկայիս վիճակի մասին և զգուշացրել տնտեսական ճգնաժամի «երկրորդ փուլի» մասին (http://www.un.org/esa/policy/wess/wesp2011files/wesp2011pr.pdf):
Զեկույցի համաձայն՝ միջազգային տնտեսության հիմնական խնդիրը նրանում է, որ պետություններն անցկացնում են ֆինանսական խիստ քաղաքականություն, ինչպես նաև առկա բարձր գործազրկությունը և «արտարժութային» պատերազմները:
Իր նախորդ կանխատեսումներում ՄԱԿ-ը նշում էր, որ այս տարվա տնտեսական աճը կկազմի 3,6%, սակայն ըստ ՄԱԿ-ի այս զեկույցի՝ տնտեսական աճի տեմպերը նվազել են: Այս տարի այն կկազմի 3,1%:
Զեկույցում ասվում է, որ աճի տեմպերի նվազումը տեղի կունենա ոչ միայն զարգացած, այլ նաև զարգացող երկրներում: Օրինակ՝ Չինաստանում այն այս տարի կկազմի 8,9%, անցած տարվա 10,1%-ի փոխարեն: Ռուսաստանի այս տարվա աճը նույնպես չի գոհացնում (3,9%), եթե հաշվի առնենք, որ անցած տարի տնտեսությունն անկում է ապրել 7,6%-ով: Հաջորդ տարիներին խնդիրներ կունենան նաև Բրազիլիան և Թուրքիան, որոնք այս տարի զգալի աճ են արձանագրել: