Վաղը` սեպտեմբերի 23-ին, Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում տեղի կունենա «Երկնքից երեք խնձոր ընկավ» խորագիրը կրող Հեքիաթի և բարբառի 3-րդ մրցույթ-փառատոնի երկրորդ փուլը, որը կտևի 3 օր: Նախընտրական փուլի արդյունքում ընտրվել են 24 մասնակիցներ, որոնցից ամենակրտսերը 7 տարեկան է, ամենաավագը`65-ամյա Լուսիկ Ագուլեցին է: Այս մասին «Առաջին լրատվականի» հետ զրույցում տեղեկացրեց թանգարանի «Ռոտոնդա» թատերախմբի բեմադրիչ Մարինե Ասատրյանը:
«Մրցույթի կանոնների համաձայն` մասնակիցները պետք է բարբառով հեքիաթ կամ ավանդապատումներ պատմեն»,- ասաց նա` տեղեկացնելով, որ հաղթողին կորոշի մասնագիտական ժյուրին, որի կազմում կլինեն ազգագրագետ, բարբառագետ, բանահավաք ու դերասան:
Մ.Ասատրյանի խոսքով`նախորդ տարիների մրցույթների հաղթողները կխաղան Հ.Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հիման վրա ժամանակակից մոտիվներով բեմադրության մեջ: Մրցութային երրորդ օրը տեղի կունենա գալա համերգը, կանցկացվի մրցանակաբաշխություն: Առաջին տեղը գրաված մասնակցին կհանձնվի Ավագ որդու ոսկե քսակը, երկրորդ տեղը գրաված մասնակցին` Միջնեկ որդու արծաթե քսակը, իսկ երրորդին` Մարգարտահատիկ:
Մրցույթը կտևի երեք օր: Մասնակիցներ կան Արցախից, Վրաստանից, Հայաստանի տարբեր մարզերից: Մրցույթն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:












































