Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի 2024 թվականի բյուջեի կատարողականի եւ բյուջեով նախատեսված ծախսերի իրականացման վերաբերյալ քննարկում: Սա ըստ էության հնարավոր է բնորոշել արտակկարգ քննարկում, հաշվի առնելով այն, որ 2024 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի մուտքերը թերակատարվել են ավելի քան 120 միլիարդ դրամով: Քննարկման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չկա այդպիսի արձանագրում, սակայն կան ուշագրավ տողատակով ձեւակերպումներ:
Օրինակ՝ «հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումների և վերաբաշխումների վերաբերյալ առաջարկվող նախագծերը, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ», կամ՝ «անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաև կապիտալ ծախսերի կատարման ընթացքին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացումը», եւ կամ՝ «կառավարության ղեկավարը ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ»:
Այս վերջին պարբերությունը հատկապես արժանի է ուշադրության, քանի որ թողննում է տպավորություն, որ պետական եկամուտների կոմիտեին տրված է հարկային վարչարարությունը խստացնելու հանձնարարական: Մինչդեռ, գործարարները, հատկապես փոքր ու միջին տիրույթի, արդեն իսկ դժգոհում են բիզնեսի հանդեպ ՊԵԿ վարչարարության անհարկի խստությունից: Եթե ՊԵԿ-ն իրականացնում է անարդյունավետ վարչարարություն, ապա գուցե պետք է դրվի ՊԵԿ կառավարման արդյունավետության, այլ ոչ թե հարկային ու մաքսային վարչարարության «հետեւողականության» հարց:
Որովհետեւ, երբ դրվում է հարցը այդ շեշտադրումով, ապա համակարգը բնականաբար ընդունում է հրահանգը իրեն բնորոշ ենթագիտակցական ու գիտակցական ազդակներով, անցնելով գործարար աշխարհի հանդեպ պարզապես տեռորի: Այդ հասկացությունը չափազանցություն չէ փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում գործող հարյուրավոր եւ հազարավոր ընկերությունների համար: Առավել եւս մի պարագայում, երբ Հայաստանում նկատելիորեն նվազում է այն տնտեսական «մանանան», որ թափվել է արտաքին կոնյոըւկտուրայի հետեւանքով: Իհարկե, այն շարունակվում է, բայց զգալիորեն արդենն գործարար բավականին նեղ շրջանակի «խողովակով»:
Դա նշանակում է, որ հարկային եւ մաքսային վարչարարությունը պետք է համամասնորեն «բաժանվի»՝ ըստ այսպես ասած արտաքին ֆինանսական «մանանային» հոսքերի, այլ ոչ թե կիրառվի տոտալ վարչարարության մեթոդը, ինչը բացի տնտեսության բեվեռացվածության աճից, չի տա որեւէ օգտակար էֆեկտ այյդ նույն տնտեսության առողջ հեռանկարի համար:







































